Հայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին

Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 39-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որը միավորում է աշխարհի տարբեր երկրների մշակութային ժառանգությունն ու արհեստագործ վարպետներին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Հայաստանը ներկայացնում են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի ձեռարվեստի վարպետներ Արմենուհի Խաչատրյանը, Օվսաննա Պապիկյանը, Արմինե Պողոսյանը։ Ներկայացվում են հայկական գործվածքներ՝ կարպետներ, ասեղնագործ և թաղիքագործ աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ և հուշանվերներ։

Փառատոնի ընթացքում իրականացվում են նաև ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր՝ հնարավորություն ընձեռելով միջազգային այցելուներին ծանոթանալու հայկական ավանդական արհեստների առանձնահատկություններին։

Սուրաջկունդի արհեստների ամենամյա փառատոներին Հայաստանի ներկայացուցիչների շարունակական մասնակցությունն ամրագրված է «Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությամբ»։

Մասնակցությունը այս փառատոնին նպաստում է Հայաստանի և այլ երկրների ժողովրդական ստեղծագործողների միջև համագործակցության նոր հեռանկարների ձևավորմանը, ժողովրդական արվեստի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստան-Հնդկաստան մշակութային կապերի ամրապնդմանը՝ ընդգծելով երկու ժողովուրդների պատմական և մշակութային ընդհանրությունները։