Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Դի Վենս

Հայաստանից Բաքու մեկնող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեի Վենսը հայտարարել է, որ Ադրբեջանում իր հանդիպումների ընթացքում կարծարծի հայ գերիների ազատ արձակման հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Զվարթնոց» օդանավակայանում պատասխանելով իրենց թղթակցի հարցին՝ Վենսը, մասնավորապես, ասել է. «Դա, անկասկած, կքննարկվի։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք թե՛ այստեղ՝ (Հայաստանի-Արմենպրես) վարչապետի, և թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իրականում երեկ լսեցի վարչապետի խոսքը. նա խաղաղության համաձայնագրի հարցում լավատես է՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք այժմ՝ համեմատած ընդամենը մի քանի ամիս առաջվա հետ։ Այդ պատճառով մենք, անշուշտ, կբարձրացնենք մի շարք հարցեր, սակայն կարծում եմ՝ շարունակելու ենք արդյունավետ ու հաջող համագործակցությունը թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ»։ 

Ադրբեջանը, պաշտոնական տվյալներով, պահում է 19 հայ գերիների, այդ թվում՝ Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Բացի ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանից, մնացած ապօրինի պահվող անձանց նկատմամբ Բաքվի դատարանը կեղծ դատավճիռներ է հրապարակել։

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել  արցախցի հինգ գործիչների՝ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և նրա տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին և խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանին։ Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, քանի որ «դատավճռի» պահին նրանց  65 տարեկանը լրացած է եղել, ինչը բացառում է ցմահ ազատազրկումը։ Մյուս 8 հայ գերիները դապարատվել են 15-19 տարվա ազատազրկման։