«Ռոսատոմը» պատրաստ է սեղմ ժամկետներում ձեռնամուխ լինել ատոմակայանի կառուցման նախագծի իրականացմանը

Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար ռուսական առաջարկներին իրական այլընտրանք չկա։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Մենք հայկական կողմին ենք փոխանցել մանրամասն մշակված առաջարկությունների փաթեթ։ «Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում ձեռնամուխ լինել նախագծի իրականացմանը, իհարկե, հաշվի առնելով հայ բարեկամների ցանկությունները»,-ընդգծել է նա։

Գալուզինի նշել է նաև որ Մոսկվան մտադիր է այսուհետ ևս հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր:

«Մեր կողմից, մենք մտադիր ենք շարունակել պատասխանատու կերպով կատարել մեր դերը որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր և նպաստել հանրապետության միջուկային արդյունաբերության զարգացմանը։ Ինչպես ցույց է տալիս եվրոպական որոշ երկրների փորձը, այդ թվում այնպիսի գրանդների, ինչպիսին Գերմանիան է, միջուկային Էներգետիկայից հրաժարվելը կարող է թանկ նստել ազգային տնտեսության վրա»,-հավելել է նա։

Գալուզինի խոսքով՝ Ռուսաստանն ու Հայաստանը խաղաղ ատոմի ոլորտում փոխգործակցության հարուստ փորձ ունեն։