Խաչատուր Սուքիասյանը 30 տարուց ավելի մեզնով վարձատրվել է. «Ռոսիա»-ի աշխատակիցները բողոքի են ելել

«Ռոսիա» մոլի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անում։ Նրանք նշում են, որ տարիներ շարունակ առևտրի կենտրոնի առաջին հարկում առևտուր են արել, իսկ հիմա իրենց հանում են այդ տարածքից։

«30 տարուց ավելի մարդիկ այստեղ աշխատել են։ Թող վերանորոգեն, ոչ ոք դեմ չէ, նույնիսկ վարձը մի քիչ բարձրացվի, բայց հետո էլի մարդիկ կարողանան գալ ու այստեղ շարունակել իրենց առևտուրը»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ռոսիա» մոլի աշխատակիցներից մեկը։

«Մեզ ասել են՝ գնացեք «Երևան» տոնավաճառում կանգնեք, այստեղ ռեմոնտ ենք անում, հետո տարածքը տալու ենք ուրիշի։ Արդյո՞ք արժի 3-4 բրենդի համար այսքան ժողովրդին թողնել անգործ»,- դժգոհում էին ակցիայի մասնակիցները։  

Տնտեսվարողների խոսքով,  25-30 տարի «Ռոսիա»-ում են առևտուր անում, արդեն ունեն իրենց հաճախորդները, և չեն կարող նրանց ասել՝ եկեք «Երևան» տոնավաճառ»։

«Մենք զարգացրել ենք Խաչատուր Սուքիասյանի բիզնեսը։ Սա էլ է իրենը։ 30 տարուց ավելի ինքը մեզնով վարձատրվել է։ Ինչ որ ունի, այստեղի աշխատողների շնորհիվ է»,- նշել է աշխատակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցների պահանջն է՝ գոնե մեկ տարի ժամանակ տան իրենց, քանի որ վարկեր ունեն, ներդրումներ են արել՝ ապրանք գնելու համար, իսկ հիմա չգիտեն՝ ինչ են անելու։ 

Նրանք դիմում-նամակ են հանձնել տնօրինությանը՝ խնդրանք-պահանջով իրենց աշխատանքից չզրկել, քանի որ դեմ են «Երևան» տոնավաճառ տեղափոխվելուն։