Փաշինյանի հետ ուղիղ շփման հնարավորություն է ունեցել մի քանի ընտրյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է

Բանակի օրը` հունվարի 28-ին, Նիկոլ Փաշինյանն այցելել էր Զինվորի տուն, որը գործում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանին կից: Զինվորի տանը մանրակրկիտ պատրաստված են եղել այցին։ Թեև զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձածների և Զինվորի տուն հաճախողների թիվն ընդհանուր առմամբ գերազանցում է 10 հազարը, բայց Փաշինյանի հետ այդ օրն ուղիղ շփման հնարավորություն են ունեցել մի քանի ընտրյալ միայն՝ 5-6 հոգի, որոնք վերականգնողական թերապիա են անցնում այնտեղ։

Նրանց հետ նախնական զրույց են ունեցել, պատրաստել են հանդիպմանը, շոշափել տրամադրությունները, որ Փաշինյանին հանկարծ «անակնկալներ» չմատուցեն։ Այնպես որ, հրապարակված տեսանյութում երևացող որևէ մեկը պատահական չէր հայտնվել այնտեղ, բոլորն իմացել են իրենց դերը, անելիքն ու ասելիքը։ Նախապես որոշված է եղել նաև, թե շրջայցից հետո ճաշկերույթին ովքեր են Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ նստելու։