Հայկական սառցե շոուներն առաջին անգամ դուրս են եկել երկրի սահմաններից և ցուցադրվել Վրաստանում

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայկական սառցե շոուները ներկայացվել են արտերկրում՝ Վրաստանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  սառցե շոուների հիմնադիր և պրոդյուսեր Զառա Մխեյանի խոսքով՝ Վրաստանում անցկացված հյուրախաղերը վերածվել են իսկական տոնի։ Բաթումիում տեղի է ունեցել «Ձյունե թագուհու պատմությունը» սառցե շոուի համաշխարհային մեծ պրեմիերան, ինչպես նաև ցուցադրվել է «Նոր հրաշքի նախօրեին» շոուն՝ «Ալենի կախարդական հեքիաթը»։ Գլխավոր դերերում հանդես են եկել Հայաստանի գեղասահքի աստղերն ու չեմպիոնները՝ ներկայացնելով իսկական կախարդանք սառույցի վրա։

«Վրաստանը մեզ հիանալի ընդունեց։ Շոուներն անցան կախարդական մթնոլորտում։ Հանդիսատեսը բոլորովին այլ էր՝ անընդհատ ծափահարություններ, անկեղծ երախտագիտություն և շատ ուժեղ հուզական արձագանք»,- ասում է Մխեյանը։

Նրա խոսքով՝ սառցե արենայի ղեկավարությունը մեծ աջակցություն է ցուցաբերել, որպեսզի ամեն ինչ իրականացվի բարձր մակարդակով. հրաշալի սառույց, յուրահատուկ գրաֆիկա, բարձրակարգ բեմադրություն, կախարդական երաժշտություն և գեղասահքի բացառիկ մակարդակ։

Վերջին երկու տարվա ընթացքում Զառա Մխեյանի թիմը ստեղծել է երեք սառցե շոու, որոնք մեծ պահանջարկ են ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում։

Բաթումիում ելույթներից բացի, ծրագրում են վրաց հանդիսատեսին ներկայացնել նաև  մյուս նախագծերը՝ թե՛ ամռանը, թե՛ ձմռանը։

Մխեյանն ավելի քան 15 տարի զբաղվում է Հայաստանում սառցե շոուների ստեղծմամբ։ Նշում է՝ իրենց շոուները մասշտաբային հեքիաթներ են ամբողջ ընտանիքի համար, որոնք միավորում են աշխարհի լավագույն գեղասահորդներին և փոխանցում են բարու, սիրո և լույսի գաղափարը։

Նա արդեն սկսել է աշխատել նոր սառցե շոուի վրա, որը կոչվում է «Երեք ընկույզ Մոխրոտիկի համար։