Սիրելի Ռուբենիկս, քեֆ էլ արա, ամեն տեղ եղիր, ծանոթություններ ձեռք բեր, բայց ամեն ինչում չափդ իմացիր․Աբգար Օրբելու նամակը որդուն

Այսօր նշվում է Կրթության միջազգային օրը։

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը

ներկայացրել է Օրբելի եղբայրների հոր՝ Աբգար Օրբելու նամակն ուղղված որդուն՝ Ռուբենին, կրթության և կարգապահության կարևորության մասին, որն արդիական և ուսուցողական է անգամ այսօր։

Սիրելի Ռուբենիկս,

Զբաղվիր ինքնակրթությամբ, որովհետև քո ստացած կրթությունը դեռևս շատ ու շատ թերություններ ունի, որոնց մասին դու կիմանաս քիչ-քիչ և կուղղես դրանք: Այդ հասակում և այդ պայմաններում քեզ ուրիշը չի կարող կրթել, միայն դու կարող ես կրթել քեզ, իսկ ինքնակրթության համար այդպիսի ընտանիքը միայն կարող է նպաստել դրան, եթե, իհարկե, դու ցանկություն ունենաս օգտվել դրանից:

Օրինակ` առավոտը ուշ զարթնելը: Եթե այդ ընտանիքում դու չսովորես շուտ արթնանալ և պետք եղած ժամանակ պատրաստ չլինես, ապա որտեղ պետք է սովորես և ինչ կլինի քո հալը: Անցավ այն ժամանակը, երբ դու առանձին սենյակ ունեիր, մինչև 12-ը և նույնիսկ 2-ը չէիր վեր կենում անկողնուց: Իսկ ուր մնաց ուսանողությունը, գիտելիք ձեռք բերելը և այլն: Այդպես կդառնաս երկրորդ Կարապետ Էդիլխանյանը, որն ամբողջ տասը տարիներն անցկացրեց քնի մեջ, մինչև այսօր ոտքի չի կանգնել և ոչ էլ կկանգնի: 

Ուսանողը որոշակի ժամին պետք է արթուն լինի և պատրաստ իր պարապմունքներին ինչպես զինվորը, միայն այն տարբերությամբ, որ զինվորը, ելնելով պարտադրված հանգամանքներից, ստիպված է կատարում այդ պարտքը, իսկ ուսանողը ինքնաճանաչողությամբ և հոժար կամքով: 

Քո կարգապահությունը քո ձեռքերում պետք է լինի, և դու պետք է լինես տերն ու տիրակալը քո կրքերի ու սովորությունների, և ոչ թե կրքերդ և սովորություններդ քեզ իշխեն: Եթե դու այս հասարակ ճշմարտությունը չես հասկանա և օր առաջ չես իրագործի, ուրեմն իմացիր, որ քեզնից ոչինչ չի դուրս գա: 

Այսքան երկար դասախոսությունից պետք է եզրակացնես, որ այժմ ամեն ինչ կախված է քեզնից, դու ես քո գլխի տերը և դու գիտես ինչպես պահել քեզ, որ սիրված ու հարգված լինես բոլորի կողմից: Ես, այսուհետ, բացի փող ուղարկելուց ուրիշ ոչինչ չեմ կարող անել. շատ հեռու ենք մենք միմյանցից: Ուստի դու ինքդ պիտի լինես զգույշ և սխալ չգործես: Գիտցիր, որ ես քեզ ամեն բան թույլ եմ տալիս` քեֆ էլ արա, ամեն տեղ եղիր, ծանոթություններ ձեռք բեր, բայց ամեն ինչում չափդ իմացիր և քեզ մի կորցրու թե՛ զվարճանքների, թե՛ գործի և թե՛ պարապմունքների մեջ:

Համալսարանում ինչ դասախոսությունների կուզես գրվիր, միայն թե այնպես արա, որ կարողանաս հասցնել և հասկանալ լսածդ: Ֆրանսերենի պարապմունքներիդ համար շատ ուրախ եմ, աշխատիր լավ տիրապետես լեզվին: Իմացիր, որ առանց ֆրանսերենի և գերմաներենի դու գրոշ չարժես որպես իրավաբան: 

Դասախոսություններիդ ժամերը և օրերը հայտնիր, որ տեսնեմ, թե ինչ հաշվով ես ընտրել և ինչպես ես հասցնում դասերդ: Պահիր և պահպանիր քեզ, այս է իմ միակ խնդրանքը: Մնաս բարով: Ընդունիր իմ սրտանց ողջույնը և համբույրը:

Թիֆլիս, 8 սեպտեմբերի, 1898թ