Նարեկ Սամսոնյանին կրկին հետ տարան ՔԿՀ
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին, որին քիչ առաջ ՔԿՀ-ից տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, կրկին հետ տարան ՔԿՀ։ Այս մասին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա ասաց, որ ՔԿՀ-ից ԲԿ տեղափոխվելուց հետո Նարեկ Սամսոնյանը, որը 14 օր հացադուլի մեջ էր, բժշկի հետ զրույցի արդյունքում հասկանալով, որ կանգնած է առողջական լուրջ ռիսկերի առջև, վերականգնողական թերապիա անցնելու նպատակով գրավոր հայտարարություն ներկայացրեց, որ դուրս է գալիս հացադուլից, ինչից հետո առաջացավ բյուրոկրատական հատվածը։
«Մարդը բացատրում է, ասում է՝ ես պետք է վիրահատություն անցնեմ, ճիշտ եմ համարում, որ իմ վերականգնողական թերապիան անցնեմ հենց այն բժշկական կենտրոնում, որտեղ պետք է վիրահատվեմ, որտեղ ինձ բուժել են մինչև իմ կալանավորումը։ Այս տեսանկյունից որևէ պրոբլեմատիկ բան ես չեմ տեսնում։
Հիմա փաստն այն է, որ Նարեկին որոշակի արյան հետազոտություն արեցին, հետ տարան ՔԿՀ։ Մեզ տրված պարզաբանումն այն է, որ համապատասխան փաստաթղթերը, հետազոտության արդյունքները ներկայացելուց հետո վաղը նորից դիտարկվելու է բուժկենտրոն վերադարձնելու հարցը։
Նարեկը փաստացի շարունակելու է հացադուլը, քանի դեռ իրեն հնարավորություն չի տրվել իր բուժող բժշկի վերահսկողությամբ իրականացնել հետհացադուլային վերականգնողական թերապիան։
Ակնկալիք ունենք, որ վաղն արդեն նրան կբերեն «Իզմիրլյան» այլ ցուցումով, որոշմամբ, որ կանցնի որոշակի վերականգնողական թերապիա, որին անմիջապես կհետևեն հետազոտությունները, որին էլ կհաջորդի վիրահատությունը»,- մանրամասնեց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարաձգեց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։ Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին՝ խայտառակ դատավարությունը դադարեցնելու պահանջով։

