Երեկվա խուզարկության հետևանքները․ Հայկ Դեմոյան

Երեկ քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկության արդյունքում պարզեցին, որ ես բիբլիոֆիլ եմ, ֆիլատելիստ եմ, ֆիլոկարտիստ եմ, ֆիլումենիստ ու ֆալերիստ եմ: Այս կապակցությամբ առանձին արձանագրություն չի կազմվել: Ու մինչ դատավոր ՄԱՍԻՍ Մելքոնյանն ընդհուպ կմոտենա ԱՐԱՐԱՏ Միրզոյանին, խուզարկության ժամանակ պատկան մարմիններին ինքնակամ խոստովանեցի, որ 2021-2025 թվականների ընթացքում, վատնելով ընտանեկան բյուջեի սուղ միջոցները, ավելի քան 15 պետական գրադարանների ու թանգարանների ֆոնդերին հանձնել եմ շուրջ 900 թանգարանային արժեքներ՝ ծախսելով մոտ 1 մլն ՀՀ դրամ:

Ստորև ներկայացնում եմ այդ հաստատությունների ցանկը.

Հայաստանի ազգային արխիվ

Հայաստանի ազգային գրադարան

Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պետական պատկերասրահ

Մատենադարան (15-րդ դարի մագաղաթյա ձեռագրի պատառիկ)

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ

Գրականության և արվեստի թանգարան

Երևան քաղաքի պատմության թանգարան

Օրբելի եղբայրների տուն-թանգարան

Ավետիք Իսահակյանի տուն թանգարան, Գյումրի

Հովհաննես Շիրազի տուն թանգարան, Գյումրի

Գյումրի քաղաքի պատմության թանգարան

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան

Իմ կյանքի այս դրվագի մասին , որն ամենօրյա հետաքրքրություն է ու հաճելի աշխատանքային շփում գործընկերների հետ, ես չեմ խոսում ու գրում: Երեկվա խուզարկության ժամանակ ցույց եմ տվել բոլոր այս նվիրատվությունների ստացականները, որոնց իսկությունը կհաստատի հենց ինքը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը (հարակից զեկուցող՝ Արայիկ Հարությունյան): Ես ընդամենը կցանկանայի, որ հանրայնացված այս փաստով, իրենք վերջապես հասկանային, թե ով են իրենք և ինչ են իրենցից ներկայացնում և ով եմ ես:

Ես խիստ կասկածում եմ, որ Ժաննա Անդրեասյանն ու Արայիկ Հարությունյանը հարկատուների գումարները աստղաբաշխական պարգևավճարների անվան տակ թալանելով գեթ մեկ ցուցանմուշ նվիրած լինեն որևէ հայաստանյան թանգարանի՝ թեկուզ հենց այդ պարգևավճարներից:

Առաջարկում եմ քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին հատուկ ծիսակարգով պատիժ սահմանել իմ անձի դեմ՝ նման վարքի ու ընտանեկան միջոցների հաշվին պետական շահը սպասարկելու համար:

Իսկ Ժաննային ու Արայիկին առաջարկում եմ լուրջ մտածելուց հետո ինձ առաջադրեն «Մեր ժամանակների հերոսը» մրցանակին արժանանալու համար: Արայիկ, մրցանակի վրա պատկերված Մասիսը շուռ տված չպետք է լինի: Առաջադրման ու իմ անձի հանրահռչակման կարևոր գործի քավոր եմ նշանակում Պետրոս Ղազարյանին` ԿԳՄՍ նախարարի ամուսնուն, քանի որ նվիրատվությունների մեծ մասը գնացել է իր կնոջ գերատեսչության ենթակայության տակ գտնվող հաստատությունների ֆոնդեր: Գոնե այս կերպ արժանանամ Հանրայինի բաղձալի եթերին…

ՀՑԹԻ-ի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը