Թրամփը Եվրոպային խորհուրդ է տվել կենտրոնանալ ուկրաինական հակամարտության, այլ ոչ թե Գրենլանդիայի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպական երկրներին խորհուրդ է տվել իրենց ուշադրությունը սևեռել ոչ թե Գրենլանդիայի, այլ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է NBC News-ը։

«Եվրոպան պետք է կենտրոնանա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վրա։ Ահա, թե ինչի վրա պետք է կենտրոնանա Եվրոպան, այլ ոչ թե Գրենլանդիայի»,- հայտարարել է նա։

Դոնալդ Թրամփը նաև վերահաստատել է եվրոպական երկրների նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու իր մտադրությունը՝ Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնության չհանգելու դեպքում։ Դրա վերաբերյալ հարցին ԱՄՆ նախագահը պատասխանել է. «100% այո»։

Միաժամանակ, ԱՄՆ նախագահը չի արձագանքել այն հարցին, թե արդյոք ուժ կկիրառի Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու համար։

ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ փետրվարից մաքսատուրքեր է սահմանելու այն եվրոպական երկրների նկատմամբ, որոնք Գրենլանդիայի հարցում դեմ են իր դիրքորոշմանը։ Նա նաև դժգոհել էր այն հանգամանքից, որ որոշ երկրներ սկսել են ուժեր տեղակայել Գրենլանդիայում։

Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու մտադրության մասին՝ դա համարելով ազգային անվտանգության համար կարևոր խնդիր։ Մինչդեռ Գրենլանդիայի և Դանիայի իշխանությունները բազմիցս հրապարակայնորեն դեմ են արտահայտվել ԱՄՆ վարչակազմի այդ ծրագրին։