Իրանում ԱՄՆ ռազմական միջամտությունը կարող է սկսվել առաջիկա 24 ժամվա ընթացքում․ Reuters

Իրանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական գործողությունը հավանական է թվում և կարող է սկսվել առաջիկա 24 ժամվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը, հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։

Ինչպես լրատվամիջոցին հաղորդել է իսրայելցի պաշտոնյան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կարծես, ռազմական գործողություն իրականացնելու որոշում է ընդունել, սակայն մասշտաբներն ու ժամկետները դեռ հստակ չեն։

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը: Երկրում սահմանափակված է ինտերնետի հասանելիությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ձեռնարկել շատ խիստ միջոցներ, եթե Իրանի իշխանությունները սկսեն այս շաբաթ մահապատժի ենթարկել կառավարության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։

Հունվարի 13-ին Թրամփը զգուշացրել էր, որ իրանցի պաշտոնյաները «մեծ գին կվճարեն» ցանկացած բռնության համար, և խոստացել է Իրանցի քաղաքացիներին, որ «օգնությունը ճանապարհին է»։ Նա ասել էր, որ կչեղարկի իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև սպանությունները չդադարեն։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող «Միասին՝ ընդդեմ միջուկային Իրանի» կազմակերպությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին է տրամադրել Իրանում 50 ռազմական թիրախների ցանկն ու դրանց տեղակայման վայրերը։