ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, քննելով ՀՀ Ազգային ժողովի 2026 թ. ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձևաչափի հարցը, հիմք ընդունելով մարզային և քաղաքային ժողովների առաջարկությունները, ինչպես նաև ժողովի մասնակիցների տեսակետներն ու կարծիքները, արձանագրեց.
Հայաստանի Հանրապետությունն ու ողջ հայությունը կանգնած են աշխարհաքաղաքական փոփոխությունների ու անվտանգության լրջագույն սպառնալիքների առջև։ Այս մասին հայտնել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից
Գործող վարչախմբի ապազգային և հակապետական քաղաքականությունը հարցականի տակ է դրել Հայաստանի պետականության ապագան և երկրի տարածքային ամբողջականությունը։
Իրավիճակում բեկում մտցնելու, սպառնալիքները չեզոքացնելու և նոր որակի ազգային պետություն կառուցելու առումով գործող վարչախմբի իշխանազրկումը հրամայական է։
Այս համատեքստում 2026 թ. սպասվող խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է վերածել գործող վարչախմբի վերարտադրությունը կանխելու միջոցի։
Ելնելով վերը նշված հաստատումներից՝ Գերագույն ժողովը որոշեց.
- մասնակցել 2026 թ. ԱԺ ընտրություններին՝ նախապատվությունը տալով դաշինքային ձևաչափին,
- լիազորել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին՝ վարել ակտիվ նախընտրական բանակցություններ հավանական դաշինքի ձևաչափի վերաբերյալ՝ ապահովելով ՀՅԴ նշանակալի դերակատարությունը և մոտեցումների արտացոլումը կարևորագույն հարցերում։

