Կովկասում Իրանի քաղաքականությունն ուղղված է տարածքային ամբողջականության հարգանքի ապահովմանը․ Վրաստանում Իրանի դեսպան
Վրաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ադիբը հայտարարել է, որ Կովկասյան տարածաշրջանում իր երկրի քաղաքականությունն ուղղված է խաղաղության պահպանմանը և այլ պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի ապահովմանը, հայտնում է Mehr-ը:
Նշվում է, որ Մահմուդ Ադիբը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի հետ՝ այդ երկրում իր առաքելության ավարտի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում Շալվա Պապուաշվիլին բարձր է գնահատել Մահմուդ Ադիբի վաստակը՝ Վրաստանում իր առաքելության ընթացքում հարաբերությունների զարգացման գործում:
«Մենք տեղյակ ենք հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ձեր արժեքավոր ջանքերի մասին: Ուրախ ենք, որ Հարավային Կովկասում վերջին լարվածության ժամանակ դուք՝ որպես Իրանի դեսպան, լավ եք կառավարել հարաբերությունները», – լրատվամիջոցը մեջբերում է Վրաստանի խորհրդարանի խոսնակի խոսքերը:
Նա նշել է, որ Վրաստանի քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է։
«Մենք հույս ունենք, որ անվտանգության հաստատման շնորհիվ Իրանի հետ համագործակցության հիմքերն ավելի քան երբևէ կապահովվեն։ Երկու երկրների ժողովուրդներն ունեն հարուստ քաղաքակրթական ու մշակութային ժառանգություն և այս պատմությունը համամարդկային արժեքների ամրապնդման հսկայական ներուժ ունի։ Ի տարբերություն որոշ երկրների՝ իրանցիներն ապացուցել են իրենց հասունությունը, որն անհրաժեշտ է ճգնաժամերը հաղթահարելու համար»,- ասել է նա։
Իրանի դեսպանը նույնպես բարձր է գնահատել Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեսակետը և Կովկասում Իրանի քաղաքականությունը բնութագրել որպես խաղաղության պահպանմանն ու տարածքային ամբողջականության հարգմանն ուղղված գործունեություն։ Ադիբը կարևորել է խորհրդարանների դերը շահերի համախմբման գործում և նշել վիզաների չեղարկումը՝ որպես երկու կողմերի կամքի դրսևորում։ Նա ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության զարգացման ու բարեկամական պատվիրակությունների փոխանակման կարևորությունը և հղում անելով Վրաստանի միգրացիոն օրենսդրությանը, կոչ է արել պահպանել այդ երկրում իրանցիների պատիվն ու արժանապատվությունը։

