Չեխիայի պաշտպանության նորանշանակ նախարարը մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը

Չեխիայի նոր պաշտպանության նախարար, գեներալ Յարոմիր Զունան մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, մամուլի ասուլիսում հայտարարել է Պատգամավորների պալատի խոսնակ և SPD (Ազատություն և ուղիղ ժողովրդավարություն) շարժման առաջնորդ Տոմիո Օկամուրան, որը Զունային առաջադրել էր այդ պաշտոնում։

«Պաշտպանության նախարարը չի ընդունել Ուկրաինա այցելելու իր ստացած հրավերը», – ասել է Օկամուրան՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին։ Զունան չի մեկնաբանել այդ հայտարարությունը:

Ավելի ուշ, պատասխանելով «Նովինկի» պորտալի հարցերին, խորհրդարանի խոսնակը շեշտել է, որ Ուկրաինային ցանկացած աջակցություն պետք է հանգեցնի խաղաղության։ Նա նաև վերահաստատել է իր շարժման դիրքորոշումը, որ SPD-ն մերժում է Ուկրաինայի համար չեխական բյուջեից ֆինանսավորվող զենքի գնումը։ Օկամուրան նաև հայտարարել է, որ Պաշտպանության նախարարությունը պետք է փաստաթղթեր ներկայացնի՝ Ուկրաինային զինամթերք մատակարարելու նախաձեռնությանը մասնակցելուց հրաժարվելու համար։