«ՏաԹևեր»-ը 4-րդ անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղի

«ՏաԹևեր» ճոպանուղին չորրորդ անգամ արժանացել է հեղինակավոր միջազգային World Travel Awards մրցանակին՝ հաղթելով «աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում։

Հայկական ճոպանուղին այս տարի ևս գերազանցել է մրցակիցներին Բոլիվիայից, Բրազիլիայից, Վիետնամից, Կանադայից, Նոր Զելանդիայից, ԱՄՆ-ից և ՀԱՀ-ից։ 

Նախկինում «ՏաԹևեր»-ը հաղթանակ էր բերել Հայաստանին այս անվանակարգում 2024, 2023 և 2021 թվականներին։

Բաց քվեարկության արդյունքներով «ՏաԹևեր»-ի հաղթանակը հայտարարվել է Բահրեյնում World Travel Awards 2025 պաշտոնական մրցանակաբաշխության ժամանակ։

Այս տարի «ՏաԹևեր»-ը նշում է իր հիմնադրման 15-ամյակը։ Գործարկումից ի վեր ճոպանուղին դարձել է Հայաստանի զբոսաշրջության գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ կառուցված և Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի մարդատար ճոպանուղի (5752 մետր) գրանցված այս նախագիծն առանցքային նշանակություն է ունեցել ոչ միայն Սյունիքի մարզի, այլև ողջ Հայաստանի զարգացման համար՝ բարձրացնելով երկրի զբոսաշրջային գրավչությունը։ 

Այսօր Հայաստան եկող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ այցելում է Սյունիք, իսկ մարզ այցելողների զբոսաշրջային հոսքն աճել է 17 անգամ։

Ծրագրի շնորհիվ տարածաշրջանում մասնավոր հատվածի ներդրումներն աճել են 11 անգամ։ Զբոսաշրջային հոսքերի աճը նպաստել է հյուրանոցային ենթակառուցվածքների զարգացմանը Տաթևի և Գորիսի շրջակայքում բացվել է B&B ձևաչափի շուրջ 40 նոր հյուրատուն։

«Տաթևեր» ճոպանուղին կառուցվել է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում՝ միավորելով հազարավոր նվիրատուների, շինարարների և կամավորների ջանքերը՝ հանուն Սյունիքի զբոսաշրջային և սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Ծրագրի ամբողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և Տաթև համայնքի զարգացմանը։