Քննարկվել է օտարերկրացիներին տրվող կացության կարգավիճակների տրամադրման գործընթացի թվայնացմանն առնչվող նախաձեռնությունը

Օտարերկրացիներին տրվող կացության կարգավիճակների տրամադրման գործընթացի վարչարարության թվայնացման նպատակով Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է կատարում «Օտարերկրացիների մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթում:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշել է, որ 2022 թվականից միայն աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման վարչական վարույթն է իրականացվում էլեկտրոնային եղանակով:

Զեկուցողի խոսքով ներկայացված փաթեթի ընդունմամբ և տեխնիկական միջոցների ներդրմամբ օտարերկրացիներին տրամադրվող բոլոր կացության կարգավիճակների (թե՛ ժամանակավոր և թե՛ մշտական) տրամադրման գործընթացն ամբողջությամբ կթվայնացվի:

Նշվել է, որ հստակեցումներ են կատարվել կացության կարգավիճակների, տեսակների և վարույթների գործընթացում: «Մենք համապատասխանեցրել ենք կացության կարգավիճակների չափանիշները եվրոպական ստանդարտներին և այժմ կունենանք ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակներ»,- ընդգծել է Արմեն Ղազարյանը և հավելել, որ նաև հստակեցվել են այդ կացության կարգավիճակների հիմքերը: Հատուկ կացության կարգավիճակին բնորոշ ազգությամբ հայ լինելը և նշանակալի ներդրում ունենալը տնտեսության և այլ ոլորտներում կսահմանվեն որպես մշտական կացության կարգավիճակի հիմքեր:

Հաջորդ փոփոխությունը կատարվում է աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման վարույթում: Առաջարկվում է ներդնել քվոտավորման համակարգը՝ ըստ կացության կարգավիճակների, տեսակների և հիքմերի: Փոխնախարարի տեղեկացմամբ սահմանվում է լիազորող նորմ, որով Կառավարությունը յուրաքանչյուր տարի պետք է անդրադարձ կատարի քվոտավորման համակարգին: Վերանայվել են նաև կացության կարգավիճակների համար սահմանված պետական տուրքերը:

Մասնավորապես, առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու, ներառյալ` կացության քարտ տալու համար սահմանել 150 հազար դրամ պետական տուրք՝ գործող 105 հազար դրամի փոխարեն, իսկ մշտական կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու, ներառյալ` կացության քարտ տալու համար՝ 250 հազար դրամ՝ 140 հազար դրամի փոխարեն:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ներդրվող քվոտավորման համակարգին, օտարերկրացիներին տրամադրվող աշխատանքի թույլտվությանը, ներքին աշխատաշուկայի պաշտպանությանը և այլն:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:  Նա բարձրաձայնել է նախաձեռնության վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի տված դրական եզրակացությունը: