Վերահաստատում ենք մեր ուխտը՝ հավատարիմ մնալ Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը և Վեհափառին

Դեկտեմբերի 2-ին Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը։

«Ի թիվս քննարկված մի շարք հարցերի, Տավուշի թեմի հոգևորականաց դասի ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ Սամվել վրդ Մխիթարյանի, վերահաստատեցին իրենց ուխտը՝ հավատարիմ մնալ Մեր Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Ելնելով ստեղծված և ոչ ընդունելի իրավիճակից՝ վերստին հաստատում ենք՝ շարունակել մեր հոգևոր ծառայությունը նվիրումով, արդարության և ճշմարտության բարձր գիտակցությամբ, հավատարիմ Սուրբ Գրքի ճշմարտությանը և Եկեղեցու Սրբազան ավանդությանը՝ ի սեր մեր հավատացյալ ժողովրդի։

Թող Տերն օրհնի, զորացնի և շնորհազարդի մեր բարեպաշտ ժողովրդին՝ ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի։

Սույն հաղորդագրությունը հաստատվեց հոգևորականաց դասի ստորագրությամբ»,-նշված է Տավուշի թեմի տարածած հայտարարության մեջ