Ստեփանավանում մեծանում է հայ փոքրիկ գիտակը (տեսանյութ)
Ստեփանավան համայնքը հպարտությամբ ներկայացնում է մեր քաղաքի փոքրիկ տաղանդին՝ երկու տարեկան և վեց ամսական Հակոբ Մնացականյանին, որը զարմացնում է իր բացառիկ ունակություններով։
Փոքրիկի անսովոր հիշողությունն ու լայն գիտելիքներն արդեն գրանցվել են հայկական «Դյուցազնագրքում»՝ որպես մանկական մտավոր զարգացման բացառիկ օրինակ։
Հակոբը ընդամենը երկու օրում սովորել է հայոց այբուբենը՝ հնչյուն առ հնչյուն, անթերի արտասանությամբ։
Նա ճանաչում և անվանում է 63 հայ մեծերի անուններ, գիտի 40 եկեղեցիներ, ավելի քան 100 երկրների դրոշներ , մոլորակները, տարվա ամիսներն ու թվերը։ Իսկ նրա «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության ամբողջական արտասանությունը հուզում է անգամ մեծերին։
Հակոբը մեծանում է ստեղծագործ և հայրենասեր ընտանիքում․ հայրը՝ փոխգնդապետ Գրիգոր Մնացականյանը, ծառայում է Հայոց բանակում ՝ իր օրինակով փոխանցելով հայրենասիրություն և նպատակասլացություն։
Մայրը՝ գեղանկարիչ և արվեստագետ Մարուսյա Մանասյանը նրա աշխարհը լցնում է գույներով ու ստեղծագործական շնչով։
Այս հիասքանչ հաջողությունը վկայում է, որ տաղանդը, հայրենասիրությունն ու գիտելիքի ձգտումը մեր ժողովրդի գենետիկ ժառանգության լուսավոր դրսևորումներն են։
Ստեփանավանի համայնքապետարան

