ՀԷՑ-ը զրկվեց լիցենիզիայից
Դադարեցվեց ՀԷՑ-ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նման որոշում կայացրեց երեք օր տևած քննարկումից հետո։
Սամվել Կարապետյանն ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուրմիլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Հիշեցնենք, որ դեռ ամռանը ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ՀԷՑ-ի աշխատանքներին, գրել էր․
«Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ եւ իմ հանձնարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։
Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»,- գրել էր նա։
Հիշեցնենք նաև, որ Հունիսի 18-ին իրավապահները ձերբակալեցին, իսկ դատարանը հետո կալանավորեց խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին սահմանադրական կարգի տապալման կոչի մեղադրանքով երբ նա ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, հարցազրույցում ասել էր, որ «մեր ձևով կմիջամտենք» խնդրին, եթե քաղաքական գործիչները չկարողանան իրականացնել այդ գործառույթը։
Հիշեցնենք նաև, որ Սամվել Կարապետյանն ու իր ընտանիքն օգոստոսի 11-ին պաշտոնապես միջազգային արբիտրաժային վարույթ են նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) սեփականազրկման գործով պատասխանատվության ենթարկելու համար։ Այս մասին հայտնել էին նրա պաշտպանական թիմից։
Կարապետյանների ընտանիքը պետությունից պահանջում է 500 մլն դոլար հատուցում՝ հասցված, ինչպես նաև սպասվող վնասների համար։

