Քննչական կոմիտե են կանչել 8 հոգևորականի, այդ թվում՝ Մայր Աթոռից. փաստաբան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից 8 հոգևորականի կանչել են ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ հոգևորականներին կանչել են տարբեր օրերի, տարբեր ժամերի, օրինակ, այսօր ժամը 10-ին, նաև 14–ին։

Փաստաբանը նշել է, որ Քննչական կոմիտե են կանչվել ոչ միայն քահանաներ և հոգևորականներ Արագածոտնի թեմից, այլև Մայր Աթոռից բարձրաստիճան հոգևորականներ։

«Նրանց կանչել Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։ Այս պահին նրանք վկայի կարգավիճակով են»,- ասաց նա։

Հիշեցնենք` հոկտեմբերին իշխանական լրատվամիջոցներով տարածվեց 2023 թվականին արված ձայնագրություն, որում Գարեգին Երկրորդի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ զրույցում դժգոհում է, թե կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի:

Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ աղմկահարույց ձայնագրության հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։