Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունը վերադարձնել հանրությանը. հայտարարություն
Պատմաբան, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը հայտարարություն է տարածել, որը ստորագրել են բազմաթիվ հեղինակավոր մարդիկ․
«Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը վերադարձնելու անհրաժեշտության մասին։
Դրանում ասվում է.
Մենք՝ հասարակական և քաղաքական տարբեր շրջանակների ու կազմակերպությունների ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ օրենքով հանրային շահին ծառայելու և բազմակարծություն ապահովելու նպատակով ստեղծված Հանրային հեռուստաընկերությունը, կորցնելով իր անկախ գործելու հիմնական առաքելությունն ու կոչումը, վեր է ածվել իշխանությունների շահերը սպասարկող քարոզչամիջոցի։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերի հաշվին գործող այդ Հանրային մեդիա համակարգը խաթարում է հանրային խոսքի հավասարակշռությունը, խեղաթյուրում է հասարակական իրողությունները և, հակասելով ՀՀ օրենքներին ու հանրային բարոյականության նորմերին, դարձել է իշխող քաղաքական ուժի ազդեցության հիմնական գործիքը։
Ստեղծված իրավիճակը ուղղակիորեն հակասում է խմբագրական անկախություն երաշխավորելու, քաղաքական և գաղափարական չեզոքություն ապահովելու, հանրային շահին ծառայելու, միակողմանի քարոզչությունն արգելելու «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի Հանրային հեռարձակողի պարտավորությունների հստակ սահմանումներին։
«Հանրայինը վերադարձնենք հանրությանը» խորագրով կլոր սեղանի մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին թե´ իրավական և թե´ կազմակերպական առումներով հետևողականորեն աշխատել առկա անառողջ կացությունը շտկելու ուղղությամբ։
Հանրային լրատվամիջոցները չեն կարող լինել մասնավոր շահերն ու տեսակետները սպասարկող քարոզչական հարթակ։ Մենք համոզված ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային ռադիոն, իրենց կոչմանն հավատարիմ մնալով, պարտավոր են ապահովել հեղինակություն և վստահություն հանրության շրջանում։
Սույն հայտարարությունը բաց է միանալու բոլոր այն քաղաքացիների և կազմակերպությունների համար, որոնք կիսում են այս մտահոգություններն ու նպատակները։
Երևան, 2025 թ. հոկտեմբերի 27
- Պարույր Հայրիկյան՝ Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ
- Հայկ Դեմոյան՝ Պատմական գիտությունների դոկտոր
- Վահե Դարբինյան՝ «Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամ
- Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
- Լարիսա Ալավերդյան՝ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ, գործադիր տնօրեն
- Նինա Կարապետյանց՝ ՆԺԱՐ սահմանադրական շարժում
- Սուսաննա Մուրադյան՝ Տնտեսագետ
- Վիկտոր Մնացականյան՝ «Հաղթանակ» կուսակցություն
- Կարեն Քոչարյան՝ Հեռուստահաղորդավար, վերլուծաբան
- Գարեգին Չուգասզյան՝ Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ
- Տիգրան Խզմալյան՝ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ
- Դավիթ Մարգարյան՝ «Ապրելու Երկիր» կուսակցություն
- Տիգրան Պետրոսյան՝ Լրագրող
- Արտաշես Իկոնոմով՝ Գյուտարար, բիզնեսմեն»:

