Ստամբուլի նախկին քաղաքապետի հեռախոսում գրանցված են եղել ՀՀ նախկին նախագահի և վարչապետի հեռախոսահամարները
Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը հրապարակել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, Նեջաթի Օզքանի, Մերդան Յանարդաղ և Մելիհա Գյոչեկի դեմ հարուցված «լրտեսության» գործի քննության մանրամասները։
Հրապարակման համաձայն՝ կասկածյալ Հյուսեյն Գյունը հայտարարել է «զղջալու» իրավունքից օգտվելու և հետաքննության հետ համագործակցելու մտադրության մասին: Հարցաքննության ընթացքում նրան հարցեր են տրվել՝ կապված հեռախոսի ստուգման ժամանակ հայտնաբերված կոնտակտների հետ։
Հետաքննության տվյալներով՝ ցուցակում 34 մարդ է եղել՝ նախկին պաշտոնյաներ, դիվանագետներ և բարձրաստիճան զինվորականներ, որոնցից 14-ը հետախուզական ծառայությունների աշխատակիցներ են եղել։
Նրանց թվում են՝ Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը, Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի որդին՝ Չեմի Պերեսը, Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես նաև 2017-2019 թվականներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Ֆիոնա Հիլը:
Հիշեցնենք, որ Ստամբուլի նախկին քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ Էքրեմ Իմամօղլուն և ընդդիմադիր տեսակետներ ներկայացնող «TELE1» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մերդան Յանարդաղը մեղադրվում են «լրտեսության» մեջ։

