Պլանավորում ենք մեծացնել ՀՀ արտաքին պարտքի մասնաբաժինը. Վահե Հովհաննիսյան

«Թեև պարտքի սպասարկման ծախսերը պարտքի անվանական ծավալի աճով պայմանավորված բացարձակ թվով ավելանում են, 2026 թվականին  ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերակցությունը կայունանում է»,- ԱԺ համատեղ նիստում 2026-ի պետբյուջեի նախնական քննարկմանն ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ միջազգային և ներքին շուկաներում տոկոսադրույքների նվազումը հանգեցնում է պարտքի վճարների բեռի կայունացման։

Հովհաննիսյանը վստահեցրեց, որ պարտքի սպասարկման ծախսերը քիչ են լինելու, պարտքի սպասարկման գծով ունենալու ենք գրեթե 40 մլրդ դրամի տնտեսումներ։

Հայտնելով, որ ներքին պարտքը 50 %-ից չի անցել՝ նախարարն ասաց. «Առաջիկայում պլանավորում ենք մեծացնել արտաքին պարտքի մասնաբաժինը, որպեսզի ավելորդ ճնշում չգործադրենք Հայաստանի բանկային համակարգի վրա, լիկվիդայնության տեսանկյունից, որպեսզի տնտեսությանն ուղղվող ներդրումները կարողանան արդյունավետ իրականացվել և տոկոսադրույքների ավելորդ բարձրացում չլինի»։

Նա նշեց, որ նույն բանը տեղի կունենա դրամային և արտարժութային բաժնում։

«Պետական գանձապետական պարտատոմսերի ծավալը 2026 թվականին կկազմի 48.6 %, կունենանք ֆիքսված տոկոսով պարտք՝ 86.8 % շրջանակում»,-ասաց Հովհաննիսյանը։