Փաշինյանի հայտարարությունն անհիմն է. Կառավարության որոշմամբ և «կադաստրի թղթով» Հովհաննավանքի հողն ու շինությունները Մայր Աթոռի սեփականությունն են. «Հետք»
«Հետք»-ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հոկտեմբերի 22-ին ԱԺ-ում անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու շուրջ կրկին բորբոքված կրքերին և, մասնավորապես, Հովհաննավանքի այլևս նախկին հոգևոր հովիվ տեր Արամին, որը Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ է հռչակվել և այժմ պաշտոնապես աշխարհական է՝ Ստեփան Ասատրյան անունով, հայտարարեց.
«Եթե ես ճիշտ գիտեմ, Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ գտնվում են Կառավարության հաշվեկշռում, և մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն: Ես կարծում եմ, որ էնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, ֆեյքերեցների թե երեցֆեյքերի խմբեր են գործում, մենք կարող ենք, կա բոլոր բարոյական և իրավականն էլ, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը և տեր Արամին և նրա նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը»:
Փաշինյանի պնդումը Հովհաննավանքի վերաբերյալ հիմք չունի, այլ կերպ ասած՝ նա ճիշտ չգիտի, թե ում է պատկանում Հովհաննավանքը, բայց առանց փաստերը ստուգելու, շարունակել է թեման ու խոսել «բարոյական և իրավական» հիմքերով հուշարձանները Մայր Աթոռից հետ վերցնելուց:
Բանն այն է, որ Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, սեփականության իրավունքով պատկանում են Մայր Աթոռին: Ավելին՝ 2005 թ. փետրվարի 17-ին Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը որոշել էր անհատույց սեփականության իրավունքով ՀԱԵ-ին օտարել վերջինիս պատկանող վանքերի ու եկեղեցիների զբաղեցրած և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք մինչ այդ Մայր Աթոռին էին հանձնված անհատույց օգտագործման իրավունքով:
ՀԱԵ-ն այս ամենը հավաստող ապացույց ունի՝ սեփականության վկայական կամ, Փաշինյանի ասած, «կադաստրի թուղթ»:
Համաձայն Կադաստրի կոմիտեից «Հետքի» ձեռք բերած տեղեկանքի՝ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանն են պատկանում թե՛ Հովհաննավանքի հողամասը, թե՛ դրա վրա կառուցված շենք-շինությունները: ՀԱԵ-ի այս իրավունքը կադաստրի կողմից պետական գրանցում է ստացել ավելի քան 20 տարի առաջ՝ 2005-ի մարտի 25-ին (տեղեկանքը՝ ստորև):

Հողամասի չափը, ըստ Կադաստրի կոմիտեի քարտեզի, 7.896 քմ է կամ 0,78 հեկտար: Այս հողամասն է, որ 2005-ին ՀՀ կառավարությունն անհատույց օտարել է ՀԱԵ-ին: Նկատենք, սակայն, որ Կառավարության որոշման մեջ Հովհաննավանքի հողամասը նշված է 8.900 քմ:

Գործադիրի այս որոշմամբ Արագածոտնի մարզում Մայր Աթոռին են օտարվել վերջինիս պատկանող 21 եկեղեցիների ու վանքերի զբաղեցրած հողամասերը, որոնց ընդհանուր մակերեսը 86.770 քմ է կամ 8,67 հա: Իսկ ընդհանուր առմամբ 2005-ին Կառավարությունն անհատույց ՀԱԵ-ին է օտարել Երևանում ու 10 մարզերում գտնվող 172 վանքերի ու եկեղեցիների հողամասերը, ևս 6-ի հողամասերի մակերեսները ենթակա էին ճշտման, ապա օտարման:
ՀԱԵ-ն, լինելով Հովհաննավանքի և մյուս վանքերի ու եկեղեցիների հողի և շենք-շինությունների օրինական սեփականատերը, դրանց հանդեպ ունի ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներ:
Սահմանադրության 60-րդ հոդվածն ամրագրում է. «Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք»: Այսինքն՝ այն ամենը, ինչ այսօր կատարվում է կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի կողմից, նրա պաշտոնյա և ոչ պաշտոնյա աջակիցների մասնակցությամբ, իրականացվում է Մայր Աթոռին սեփականության իրավունքով պատկանող տարածքում:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

