ԵՄ անդամակցության հարցը հիպոթետիկ է, իսկ ԵԱՏՄ-ն իրականություն է ՀՀ-ի համար. ՌԴ դեսպան
Հայաստանի իշխանությունները հետաքրքրություն են ցուցաբերում ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում, և Մոսկվան պատրաստ է դրանում աջակցել Երևանին։ Այս մասին Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա նաև հավելել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին իրական օգուտ է բերում, իսկ եվրոպական հեռանկարները բավականին մշուշոտ են։
Ինչ վերաբերում է Եվրամիությանն անդամակցության հեռանկարին, ապա, Կոպիրկինի խոսքով, դա բավական բարդ հարց է՝ հաշվի առնելով բարդ ընթացակարգերը, որոնք մեծ ջանքեր և ժամանակ են պահանջում. որոշ երկրներ տասնամյակներով են սպասում ԵՄ-ին անդամակցությանը: Ըստ այդմ, այդ հարցը Հայաստանի համար ավելի շուտ հիպոթետիկ բնույթ է կրում։
«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա դա իրականություն է։ Հայաստանը Եվրասիական տնտեսական ընկերակցությանն անդամակցությունից ամենամեծ շահ ստացող երկրներից մեկն է։ Եվ մինչև հիմա Հայաստանի ղեկավարությունը շահագրգռված է Եվրասիական ինտեգրացիոն նախագծին մասնակցելու հարցում։ Մենք գնահատում ենք այդ դիրքորոշումը և միշտ հստակ մոտեցում ենք ցուցաբերում՝ պատրաստ ենք սերտորեն համագործակցել, աջակցություն ցուցաբերել։ Այդպես էլ եղել է վերջերս ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում»,- ընդգծել է Ռուսաստանի դեսպանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

