Հայաստանը որդեգրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի միջուկային զենքերի վերաբերյալ թեմատիկ քննարկման ժամանակ ՀՀ պատվիրակությունն ընդգծել է  սպառազինությունների կրճատման և զինաթափման գործող ռեժիմների կարևորությունը:

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունից հայտնում են, որ պատվիրակությունը վերահաստատել է  նաև ՀՀ հանձնառությունը կատարելու Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունները և կոչ արեց պայմանագրին դեռևս չմիացած պետություններին միանալ պայմանագրին։

Պատվիրակությունը նաև ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն և կշարունակի հետապնդել այս քաղաքականությունը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ՝ երկրի միջուկային անվտանգությունը բարելավելու և ամրապնդելու համար: