Թրոմբոզը՝ թաքնված գլոբալ առողջապահական սպառնալիք. իրազեկում, ռիսկեր և կանխարգելում
Ամեն տարի հոկտեմբերի 13-ին միջազգային բժշկական հանրությունը նշում է Թրոմբոզի համաշխարհային օրը (World Thrombosis Day)՝ նախաձեռնություն, որը հիմնադրվել է 2014 թվականին Թրոմբոզի և հեմոստազի միջազգային ընկերակցության (ISTH) կողմից։ Օրը ընտրված է ի պատիվ Ռուդոլֆ Վիրխովի՝ գերմանացի նշանակալի բժշկի և գիտնականի, բջջային պաթոլոգիայի հիմնադրի, ում իրավամբ համարում են ժամանակակից թրոմբոզաբանության հիմնադիր։
Օրվա հիմնական նպատակն է բարձրացնել հանրության և բժիշկների իրազեկվածությունը թրոմբոզի ռիսկերի, ախտանշանների և կանխարգելման հնարավորությունների վերաբերյալ։
Այս տարվա կարգախոսն է. «Գլխից մինչև ոտք՝ վերահսկեք իրավիճակը. կանխեք թրոմբոզը, պաշտպանեք ձեր առողջությունը», որն ընդգծում է արյան մակարդուկների և սրտի հիվանդությունների, քաղցկեղի, շաքարային դիաբետի և ճարպակալման նման հիմնական քրոնիկ հիվանդությունների միջև կարևորագույն կապը։
Թրոմբոզը արյան խցանների (թրոմբերի) առաջացումն է անոթներում, որոնք խանգարում են նորմալ արյան հոսքին։ Ըստ տեղակայման և բնույթի տարբերում են թրոմբոզի երկու հիմնական ձև.
- Երակային թրոմբոզ՝ ներառում է խորանիստ երակների թրոմբոզը և թոքային զարկերակային թրոմբոէմբոլիան։ Վերջինս հաճախ զարգանում է, երբ ստորին վերջույթների երակային թրոմբը պոկվում և տեղափոխվում է դեպի թոքեր՝ առաջացնելով մահացու վտանգ ունեցող վիճակ։
- Զարկերակային թրոմբոզը առաջանում է զարկերակների խցանման դեպքում և հանդիսանում է սրտամկանի ինֆարկտի կամ ուղեղային ինսուլտի պատճառ։
Վիրխովը թրոմբի ձևավորման հիմնական մեխանիզմը նկարագրել է դեռևս XIX դարում։ Այն հայտնի է որպես Վիրխովի եռյակ, որը ներառում է երեք գործոն՝
- անոթային պատի վնասում,
- արյան հոսքի դանդաղում (ստազ),
- արյան մակարդելիության բարձրացում (հիպերկոագուլյացիա)։
Բացի վերոնշյալ կյանքին սպառնացող վիճակներից, թրոմբոզը կարող է բերել նաև ծանր քրոնիկ բարդությունների՝ այդ թվում թրոմբոէմբոլիայի հետևանքով զարգացող քրոնիկ թոքային հիպերտենզիայի, հետթրոմբոտիկ համախտանիշի (որը դիտվում է պացիենտների մոտավորապես 20–50%-ի մոտ), ինչպես նաև վերջույթի կորստի վտանգի։
Թրոմբոզը լայնորեն տարածված և հաճախ թերագնահատված առողջապահական խնդիր է։ Հանդիսանալով սրտամկանի ինֆարկտի, կաթվածի և երակային թրոմբոէմբոլիայի հիմնական մեխանիզմ, այն հանդիսանում է աշխարհի յուրաքանչյուր չորրորդ մահվան պատճառը։
Աշխարհի մակարդակով զարկերակային թրոմբոզի հետևանքով տարեկան գրանցվում է ավելի քան 10 միլիոն մահվան դեպք։ Միայն Եվրամիության տարածքում յուրաքանչյուր տարի շուրջ 500 000 մահվան դեպք պայմանավորված է երակային թրոմբոէմբոլիայով, ինչը գերազանցում է կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղից, ՁԻԱՀ-ից և ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացության համակցված ցուցանիշը։
Երակային թրոմբոէմբոլիան սրտամկանի ինֆարկտից և ուղեղային ինսուլտից հետո զբաղեցնում է սիրտանոթային մահացության կառուցվածքում երրորդ տեղը։ Այն հանդիսանում է սիրտանոթային հիվանդությունների բեռի թաքնված, սակայն չափազանց նշանակալի բաղադրիչ՝ նպաստելով այդ բեռի աճին անգամ այն պայմաններում, երբ սիրտանոթային հիվանդությունների կանխարգելման և բուժման ոլորտում արձանագրվում են էական հաջողություններ։
Թրոմբոզի տարածվածությունը համեմատելի է սրտամկանի ինֆարկտի հետ՝ տարեկան արձանագրվում է միջինում 1–2 դեպք /1000 բնակչի հաշվով։ Երակային թրոմբոէմբոլիայի տարեկան հաճախականությունը կազմում է՝
- Թոքային թրոմբոէմբոլիա՝ 29–48/ 100 000 բնակչի հաշվով
- Խորանիստ երակների թրոմբոզ՝ 45–117/ 100 000։
Միևնույն ժամանակ 2014 թվականին ISTH-ի կողմից իրականացված հարցման արդյունքների համաձայն՝
- Հարցվածների միայն 44% էին լսել խորանիստ երակների թրոմբոզի մասին,
- 50%՝ թոքային թրոմբոէմբոլիայի մասին։
Թրոմբոզի մասին բնակչության ցածր իրազեկվածության մակարդակը նպաստում է հիվանդության ուշացած ախտորոշմանն ու բարձր մահացությանը։
Տարիքի հետ թրոմբոզի հավանականությունը բազմապատիկ աճում է.
- երեխաների մոտ՝ մոտ 1 դեպք/100 000,
- միջին տարիքում՝ 1 դեպք/1000,
- տարեցների շրջանում՝ մինչև 1 դեպք/100։
Երակային թրոմբոզի զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների շարքին են պատկանում․
- երկարատև անշարժություն (պառկած ռեժիմ, երկար ճանապարհորդություն, վիրահատությունից հետո նստակյաց վիճակ)։ ԵԹԷ-ի մինչև 60% դեպքերը առաջանում են հոսպիտալացման ընթացքում կամ դրանից հետո։
- վիրահատական միջամտություններ
- չարորակ նորագոյացություններ (բարձրացնում են ռիսկը 4-7 անգամ)
- հորմոնալ փոփոխություններ (հղիություն, հակաբեղմնավորիչների օգտագործում, հորմոնային փոխարինող թերապիա)։ Հղի և հետծննդյան շրջանում գտնվող կանանց շրջանում թրոմբոզի ռիսկը 5–10 անգամ բարձր է
- անամնեզում թրոմբոզի առկայությունը (նախկինում թրոմբոզ ունեցած 25% հիվանդների մոտ հնարավոր է թրոմբոզի կրկնություն 10 տարվա ընթացքում)։
- ավելցուկային քաշ
- քրոնիկ բորբոքային հիվանդություններ
- ժառանգական թրոմբոֆիլիային վիճակներ (օրինակ, Ֆակտոր V Լեյդենի մուտացիա)
- COVID-19 վարակի հետևանքով առաջացող հիպերկոագուլյացիա։
Զարկերակային թրոմբոզի հիմնական ռիսկի գործոններն են՝
- աթերոսկլերոզ
- ծխախոտի օգտագործում
- շաքարային դիաբետ
- հիպերտոնիկ հիվանդություն և բարձր խոլեստերին
- սրտի ռիթմի խանգարումներ (օր.՝ ֆիբրիլյացիա)
- նստակյաց կենսակերպ։
Թրոմբոզի կանխարգելումը հանդիսանում է ամենաարդյունավետ մոտեցումը՝ հիվանդության բեռը նվազեցնելու և հետագա բարդությունները կանխելու համար։ Այն ներառում է առողջ կենսակերպի ձևավորում, ռիսկի գործոնների վերահսկում և նպատակային բժշկական միջամտություններ՝ բարձր ռիսկ ունեցող պացիենտների մոտ։
- Ֆիզիկական ակտիվություն.
Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը թրոմբոզի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից է։ Նույնիսկ ամենապարզ շարժումները՝ քայլելը, թեթև մարմնամարզությունը կամ մարմնի ձգումները, բարելավում են արյան շրջանառությունը և նվազեցնում երակային կանգի վտանգը։
- Քաշի և սննդակարգի վերահսկում.
Առողջ քաշի պահպանումը և հավասարակշռված սննդակարգը՝ հարուստ կալիումով, մագնեզիումով և մանրաթելերով, սակայն աղի և հագեցած ճարպերի սահմանափակ պարունակությամբ, նպաստում են բորբոքային և մակարդելիության գործընթացների նվազեցմանը։
- Ծխախոտից հրաժարում.
Ծխախոտի օգտագործումը վնասում է անոթային էնդոթելը, խաթարում է նորմալ հեմոդինամիկան և մեծացնում է ինչպես երակային, այնպես էլ զարկերակային թրոմբոզի առաջացման ռիսկը։
- Քրոնիկ հիվանդությունների վերահսկում.
Արյան ճնշման, գլյուկոզի և խոլեստերինի մակարդակի պարբերական ստուգումը կարևոր նշանակություն ունի աթերոթրոմբոզի կանխարգելման գործում։ Քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների արդյունավետ կառավարումը նվազեցնում է թրոմբոտիկ բարդությունների հավանականությունը։
- Հոսպիտալային կանխարգելում.
Բուժհաստատություններում անհրաժեշտ է պացիենտների թրոմբոզի ռիսկի պարբերական գնահատում՝ ըստ ստանդարտացված սանդղակների: Բարձր ռիսկ ունեցող պացիենտներին ցուցված է ֆարմակոլոգիական թրոմբոպրոֆիլակտիկա՝ ցածր մոլեկուլային հեպարինների (ՑՄՀ) կիրառմամբ։
ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոն

