Հրադադար հաստատվելուց հետո պաղեստինցիները վերադառնում են Գազա քաղաք

Գազայի հատվածում հրադադար հաստատվելուց հետո գրեթե 250 հազար մարդ վերադարձել է Գազա քաղաք, որտեղ վերջին շրջանում ամենաթեժ ռազմական գործողություններն են ընթացել, և պաղեստինցիները ստիպված են եղել հեռանալ անկլավի այլ տարածքներ: «Ալ Ջազիրայի» տեղեկացմամբ, մոտ 200 հազար պաղեստինցի ևս վերադարձել է Գազայի հատվածի հյուսիսային շրջաններ:

Հրադադարի և 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գերեվարած անձանց վերադարձի մասին համաձայնությունը պաշտոնապես ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ից: Իսրայելից հայտարարել են, որ ՑԱՀԱԼ-ի ուժերը հետ են քաշվել համաձայնեցված գծեր, սակայն չեն լքելու Գազայի հատվածը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի չեզոքացվել: Բենիամին Նեթանյահուն խոստացել է անհրաժեշտության դեպքում կրկին ուժ կիրառել:

ՀԱՄԱՍ-ն էլ հույս է հայտնել, որ պատերազմը վերջնականապես դադարեցվել է: Միևնույն ժամանակ, շարժումը բացառել է, որ հակամարտության կարգավորումից հետո Գազան կարող են վերահսկել արտաքին ուժերը: Սակայն ՀԱՄԱՍ-ը և այլ խմբավորումներ ողջունել են արաբական և միջազգային մասնակցությունը տարածաշրջանի հետպատերազմյան վերականգնմանը: Շարժումը նաև հայտարարել է, որ չի պատրաստվում Իսրայելի պահանջով լուծարվել, փոխարենը կարող է ներգրավվել պաղեստինյան ապագա բանակի կազմում: