Երևանի կենտրոնում նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ․ Տիգրան Ավինյանի գրառումները

Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառումներ է կատարել․

«Նուբարաշենի աղբավայրում լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները։ Առկա է մեծ ծավալի ծխածածկույթ:

Այս պահին աշխատում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա՝ Փրկարար ծառայության, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ու կապալառու ընկերությունների ամբարձիչներ ու բեռնատարներ՝ հողի ծածկույթով տարածքը լցնելու ուղղությամբ՝ ծուխը վերացնելու նպատակով։

Երկու օրերի ընթացքում 248 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր։

Նուբարաշենի աղբավայրի տարածքի հսկողության ու անվտանգային կանոնների պահպանման նպատակով մեկնարկել են արտաքին լուսավորության համակարգի անցկացման, տեսախցիկների ու արգելապատնեշների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ։

Մուտքի վրա խստագույն ռեժիմ է սահմանված»։ Սրան հետևել է հաջորդ գրառումը․

«Երևանի կենտրոնում, ժամը 11։00-ի դրությամբ, պայմանավորված, աշխարհագրական դիրքով, նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Ըստ տվիչներից ստացված տվյալների արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում։

Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է: Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով»։