ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Անդրիկյանը։
Վարդան Հարությունյանը կալանքի տակ է օգոստոսի 8-ից, կալանքի ժամկետը մեկ ամսով երկարացացնելու որոշումը կայացվել է օրերս։
«Որոշումը կայացվել է հոկտեմբերի 7–ին։ Կալանքի երկարացման հիմքում նշել են միայն քննությանը խոչընդոտելու հավանականությունը։ Պատրաստվում ենք վերաքննիչ բողոք ներկայացնել։ Բացի այդ, առաջիկա օրերին ՄԻԵԴ դիմում ենք ներկայացնելու»,–ասաց Անդրիկյանը։
Հիշեցնենք` Վարդան Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ» ընկերությանը։ Նրան ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներ են առաջադրվել։ Նախաքննական մարմինը նշել է, որ Հարությունյանն այս ընկերության հետ կապ է ունեցել, մինչդեռ փաստաբաններ նշում են, որ իրականում 2018 թվականին այս ընկերության հետ կապված քննություն է իրականացվել, և այդ կապն ամբողջությամբ հերքվել է։

