Խաղաղության համաձայնագիրը թղթի թափոն է Թուրքիայի և Ադրբեջանի համար․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Ադրբեջանական Գաբալա քաղաքում օրերս կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության հերթական գագաթաժողովին ընդունված բանաձևում «Զանգեզուրի միջանցք» ալիևյան խոսույթի և ձևակերպումների մասին արդեն գրվել է։

Սակայն ուշադրությունից դուրս է մնում մեկ այլ, ոչ պակաս կարևոր հանգամանք։

14 էջանոց փաստաթղթում թվարկված են անդամ-պետությունների և կազմակերպության համար կարևոր միջազգային հարցերի շուրջ արձանագրումներ՝ Հյուսիսային Կիպրոս, Սիրիա, Աֆղանստան, Կենտրոնական Ասիա և այլն։

Սակայն որևէ անդրադարձ չկա հայ-ադրբեջանական «խաղաղության» համաձայնագրի վաշինգտոնյան նախաստորագրման փաստի առթիվ։

Նշված փաստաթղթի անկարևորությունը և ռեալ քաղաքականության մեջ ընդամենը թղթի կտոր լինելու մասին դժվար է գտնել ավելի ցինիկ և ճչացող ապացույց։

Այս հանգամանքն էլ ավելի ցայտուն է դառնում Սյոպնիքի վերաբերյալ տեղ գտած ձևակերպումների ֆոնին։

Թուրքիան և Ադրբեջանը թքած ունեն «խաղաղության» համաձայնագրի վրա։ Նրանց պետք է Սյունիքը, և դա 100%-ոց ճշմարտություն է։

Որքան էլ Նիկոլը և իր խեղկատակները ներքին լսարանի վրա ծախեն «խաղաղություն», դրա հիմքում ընկած թուղթը ռեալ քաղաքականության մեջ ընդամենը թղթի թափոն է, մակուլատուրա»։