Զինվորականներն ի նշան բողոքի՝ իրենց մեդալները թողեցին կառավարության աստիճանների դիմաց
Արցախյան պատերազմներին մասնակցած 7 զինվորականներ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ի նշան բողոքի վերադարձնում են իրենց մեդալները, շքանշանները։
Կառավարությունից դուրս եկող չեղավ, և զինվորականները ստիպված իրենց մեդալներն ու շքանշանները դրեցին գետնին՝ կառավարության աստիճանների դիմաց։
Զինվորականներից Արմեն Պետրոսյանը ցույց տալով իր մեդալներից մեկը՝ ասաց. «Սա իմ ամենաթանկ մեդալն է։ Զինծառայության ժամանակ եմ ստացել, երբ հակառակորդի սպային միջդիրքային հատվածում իրեն խելոք չպահելու համար «ճանապարհեցինք իրենց տուն»։ Զորամասի հրամանատարը հպարտության խոսքեր ասաց, որոնք ես չեմ մոռանում։
Ցավով եմ կոնկրետ այս մեկը տալիս»։
44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Նավասարդյանն էլ նշեց, որ չնայած այս մեդալներն ու շքանշաններն իրենց համար մեծ արժեք ունեն, սակայն դրանց հիմքում դրված են ավելի մեծ արժեքներ, որոնք սիմվոլով չեն արտահայատված, այլ իրենց սրտերում են։ «Ներկա իշխանությունը հետևողականորեն արժեզրկում, իմաստազրկում է այն բոլոր արժեքները, որոնց համար մենք պայքարել ենք ու ստացել մեդալներ, շքանշաններ։ Այս քայլով ուզում ենք ցույց տալ, որ հաշտ չենք այս իշխանության վարած քաղաքականության հետ»։

