Թուրքերը ժամանակին քրդերին համոզել էին, որ համակեցությունը լավագույն միջոցն է, սակայն ժամանակը ցույց տվեց, որ թուրքերի համար քրդերը դարձան ձուլման թիրախ
Ներկայիս Թուրքիայում չկա ոչ մի համապետական տոն, որը նվիրված քրդական ինքնությանը, չնայած այն բանին, որ Թուրքիայում բնակվում են միլիոնավոր քրդեր (ես խուսափում եմ հստակ թիվ ասել): Թուրքիայում զբոսաշրջիկային քաղաքականությունը հիմնված է բացառապես թուրքական շինծու տարրի վրա։ Ամեն ինչ ներկայացվում է որպես թուրքական, անգամ քրդականը։ Լեզվամտածողության շեշտը ևս դրված է թուրքերենի վրա, մշակույթային կյանքը նույնպես թուրքական շեշտադրումներով է։ Թուրքերը ժամանակին քրդերին համոզել էին, որ համակեցությունը լավագույն միջոցն է, որպեսզի միասին կերտեն մի պետություն, որտեղ թուրքերը և քրդերը կունենան հավասար իրավունքներ, սակայն ժամանակը ցույց տվեց, որ թուրքերի համար քրդերը դարձան ձուլման թիրախ։
Թուրքիայում բնակվող քրդերին թուրքերը համարում են եկվողներ, ոչ տեղաբնիկներ, հենց դրանով էլ պայմանավորված թուրքական դպրոցներում պատմության առարկան բացառապես վերաբերվում է Թուրքիային, թուրքին։ Իսկ թե ինչպես են դպրոցով լվանում քրդերի ուղեղները, պարտադրում մոռացության մատնել սեփական լեզուն, պատմությունը, մշակույթը, դա արդեն տեսանելի արդյունքով ակնառու է մեր օրերում։
Թուրքերը կարողացել են քրդերին մասնատել, բաժան-բաժան անել և հասել են նրան, որ Վանի քուրդն ատում է Հաքքարիի քրդին, Կարսի քուրդը՝ Ալաշկերտի քրդին, Դիարբեքիրի քուրդը Բայազետի քրդին։ Իսկ այսպես քրդերին կառավարելը հեշտ է, քրդական հարցի ռիսկերի չեզոքացումը։
Ամեն առավոտ քուրդ աշակերտը դպրոցում, մինչ դասերի սկսելը, տողան է կանգնում և բոլորի հետ ասում․ « Ես թուրք եմ, ես հպարտ եմ, որ ես թուրք եմ», իսկ ամեն անգամ դասարան մտնելիս , դասասենյակի պատին կարդում է․ «Թուրք, քո հզորությունը քո երակներով հոսող ազնվազարմ արյունն է»․․․ Իսկ քրդերի նկատմամբ փափուկ ուժի կիրառումից բացի կոշտ ուժի կիրառման մասին հաջորդիվ ։ Ահա այսպիսին է ժամանակակից Թուրքիան․․․
Թյուրքագետ Կարեն Հովհաննիսյանի ՖԲ էջից

