Վալոդյա Գրիգորյանի գործով 2-րդ մեղադրյալը կալանավորվել է․ ՔԿ խոսնակ

Դատարանը կալանավորել է Փարաքար համայնքի ղեկավարի ու նրա ընկերոջ՝ քրեական ոստիկանության աշխատակցի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Հ. Հարությունյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

Քննչական կոմիտեի քննիչը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ բացահայտվել է նաև առերևույթ սպանություն կատարած՝ խմբի մյուս անդամ հանդիսացող անձի ինքնությունը, ով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին:
Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ և մատնանշել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը: Քննիչի կողմից առգրավվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։  Զոհվել է երկու մարդ, 1 հոգի վիրավորվել։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, մյուսը նրա ընկերը՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Մեկ հոգի վիրավորվել է։

Սեպտեմբերի 27-ին ՔԿ-ից հայտնել էին, որ  Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ և ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել մեկ անձ: Ձերբակալվածը Նարեկ Օհանյանն է։