Մաhացել է իտալական կինոյի աստղ Կլաուդիա Կարդինալեն

87 տարեկանում մահացել է իտալացի հայտնի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն։

Հայերն առանձնահատուկ հիշում են նրան Անրի Վերնոյի «Մայրիկ» (1991) ֆիլմում, որը ներկայացնում է Հայոց ցեղասպանության ողբերգությունը։ Կարդինալեն մարմնավորել է գլխավոր դերակատարուհուն՝ աքսորված ընտանիքի մորը՝ Արաքսին։

«Դերում ես վերապրեցի հայ մայրիկի մեծ և դժվարին ճակատագիրը՝ 20-ամյա երիտասարդ կնոջից, մինչև ճերմակահեր 80-ամյա ծեր կնոջ։ Բազում դժվարությունների ապրած կնոջ մի ամբողջ կյանք։ Օգնեց նաև այն, որ շատ էի լսել Հայաստանի և հայ ժողովրդի մասին։ Հուսով եմ այս ֆիլմով ես կգամ մի օր դեպի Արարատ»,- ասել էր Կարդինալեն (kinoashkharh.am):

Կլաուդիա Կարդինալեն այցելել է Հայաստան 2010 թվականի հուլիսի 10-ին՝ մասնակցելու «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին:

Նրա գործակալ Լորան Սամրին Corriere della Sera-ին հայտնել  է, որ Կարդինալեն մահացել է իր երեխաների շրջապատում Փարիզի մոտ գտնվող Նեմուրում, որտեղ նա ապրել է իր կյանքի վերջին տարիներին։

Կարդինալեն ծնվել է Թունիսում՝ 1938 թ․։ 1957 թվականին ճանաչվել է «Թունիսի ամենագեղեցիկ իտալուհի» և հրավեր ստացել մասնակցելու Վենետիկյան կինոփառատոնում։ Նկարահանվել է նշանավոր իտալացի ռեժիսորներ Ֆեդերիկո Ֆելինիի և Լուկինո Վիսկոնտիի ֆիլմերում։ Դերասանական կրթությունը ստացել է Հռոմի դրամատիկական դպրոցում, զուգահեռաբար հաճախել է պարի, գեղասահքի, իտալերենի դասերի, քանի որ նա ավելի լավ էր խոսում օտար լեզուներով, քան մայրենի լեզվով։ Իտալական մամուլի կողմից «Հրաշագեղ փիսիկ» անվանված Կարդինալեն նկարահանվել է աշխարհի տարբեր կինոընկերությունների անվանի բազմաթիվ կինոնկարներում, այդ թվում՝ Ալբերտո Կավալկանտիի «Վենետիկյան ամուսնություններ» (1958), Պիետրո Ջերմիի «Սպանություն իտալական ձևով» (1959), Մարիո Մոնիչելիի «Աղավնին» (1959) և «Միլանի գաղթականները» (1979), Լուիջի Ձամպայի «Դատավորը» (1959) և «Թռչող աղվեսը» (1972), Ֆեդերիկո Ֆելինիի «Ութ և կես» (1962), Ֆիլիպ դը Բրուկայի «Կարտուշ» (1962), Լուիջի Կոմենչինիի «Բուբեի հարսնացուն» (1963), Լուկինո Վիսկոնտիի «Հովազը» (1963) և «Սանդրա» (1965), Ռիչարդ Բրուկսի «Պրոֆեսիոնալները» (1966), Ֆրանկո Ձեֆիրելիի «Հիսուս Նազովրեցին» (1977) և այլն։ Կարդինալեն նշանակալի հաջողությունների է հասել նաև երգարվեստի բնագավառում և մեկ անգամ չէ, որ թողարկվել են նրա ձայնապնակները։