Ցերեկային երկար քունը կարող է մեծացնել վաղաժամ մահվան ռիսկը

Երկար կամ խիստ փոփոխական ցերեկային քունը կարող է զգալիորեն մեծացնել վաղաժամ մահվան ռիսկը: Այս եզրակացությանն են հանգել Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են SLEEP ամսագրում:

Ուսումնասիրության համար հետազոտողները վերլուծել են 86,565 կամավորների առողջական տվյալները, որոնց միջին տարիքը 63 էր: Յոթ օրվա ընթացքում մասնակիցները կրել են ակտիգրաֆիկ ապարանջաններ, որոնք գրանցել են նրանց շարժումներն ու վարքագիծը քնի ընթացքում: Ուսումնասիրությունը կենտրոնացել է ցերեկային քնի վրա (ժամը 9:00-ից մինչև 19:00-ը):

Քնի տվյալները հավաքելուց հետո հետազոտողները սկսել են հետևել մասնակիցներին: 11 տարվա ընթացքում մահացել է 5,189 մասնակից՝ ընդհանուրի 6%-ը: Նրանց ցեերեկային քնի միջին տևողությունը կազմել է 24 րոպե: Ավելի երկար, ավելի հաճախակի կամ ավելի փոփոխական ցերեկային քուն ունեցող մարդիկ զգալիորեն ավելի բարձր մահվան ռիսկ են ունեցել:

Ուսումնասիրության հեղինակները նաև կոչ են անում մարդկանց անհապաղ դիմել բժշկական օգնության, եթե ուժեղ քնկոտություն են զգում։ Մշտական ​​հոգնածությունը կամ քնի խանգարումները կարող են նաև լինել բազմաթիվ բժշկական խնդիրների նշաններ, այդ թվում՝ դեպրեսիայի, Պարկինսոնի հիվանդության և երկաթի դեֆիցիտային անեմիայի։