Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ
Երկու տարի առաջ՝ 2023 թ․ սեպտեմբեր 19-ի կեսօրին, 9-ամսյա շրջափակումից և մեկուսացումից հետո Ադրբեջանն Արցախի դեմ լայնածավալ հարձակման անցավ բոլոր ուղղություններով՝ Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ։
Ադրբեջանական զինված ուժերի ուղիղ թիրախում հայտնվեց խաղաղ բնակչությունը, դպրոցները, արգելափակվեցին միջհամայնքային ճանապարհները, ոչնչացվեցին կենսական ենթակառուցվածքները՝ ստեղծելով խուճապ և անկառավարելի իրավիճակ:
Մեկ օրում զոհվեց 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ն անչափահաս էին։
Կրակը դադարեց միայն սեպտեմբերի 20-ին, երբ Արցախի իշխանություններն ընդունեցին զենքերը վայր դնելու Բաքվի պայմանը, որը փոխանցվել էր Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության միջոցով։
Նույն օրը Բաքուն արցախահայերի ինտեգրման ծրագիր հրապարակեց և հայտարարեց, թե հանդիպում է նախապատրաստում Արցախի ներկայացուցիչների հետ։
Իննամսյա շրջափակումից, 24-ժամյա ռազմական գործողությունից ու Արցախը լուծարելու մասին հայտարարությունից հետո ավելի քան 120 հազար արցախցի բռնեց գաղթի ճանապարհը դեպի Հայաստան։ Արցախը հայաթափվեց։ Հենց այդ օրերին Ադրբեջանը ապօրինի ձերբակալեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այդ թվում՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին, նախկին երեք նախագահներին, ովքեր 15 մյուս գերիների հետ բանտարկված են Բաքվում, մինչև օրս ընթանում է նրանց «դատավարությունը»։
Այդ օրերին մեկ այլ ողբերգություն կատարվեց․ սեպտեմբերի 25-ին պայթեց Ստեփանակերտի բենզինի պահեստը։ Հումանիտար ճգնաժամը Արցախում ավելի խորացավ։ Պայթյունից զոհվեց 219 մարդ, վիրավորվեց՝ 290-ից ավելին։ 22 մարդ մինչ օրս համարվում է անհետ կորած։
Բաքվի վերջին ագրեսիայի ընթացքում Արցախը միայնակ էր դիմակայում՝ ՀՀ իշխանությունը որևէ օգնություն չցուցաբերեց Արցախին։
Արցախի ԱԺ որոշումով՝ սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր։

