Թող դերասանների խումբ հավաքի, բեմադրություններով զբաղվի, հանդիսատեսը կորոշի՝ Փաշինյանի «Ցանկապատը» նայի, թե ոչ. Հրանտ Թոխատյան

Հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը դիտել է «Ցանկապատ» ներկայացումը դիտելուց հետո Նիկոլ Փաշինյանի հայտնի տեսանյութը ու այդպես էլ չի հասկացել՝ ինչ էր նրա ուզածը:

«Ես ինձ համար եմ հետևություն արել: Գիտեք՝ ինչ, հնարավոր է, որ չհամընկնի մնացած հանդիսատեսի, կամ ոմանց հետ, կամ դերասանների հետ: Բայց ես իմ հետևությունն եմ արել ու դա ես ինքս տարել եմ տուն, կիսվել եմ իմ ընկերների հետ, դա է ավելի կարևոր, քան այդպես մասայական ուղղություն տալ, հատկապես ուղղություն տալ արվեստագետին, չեմ կարծում, որ դա ճիշտ է»,-«Ազատություն» ՌԿ-ին ասել է դերասանը:
Դերասանն ընդգծել է, հանդիսատեսը, եթե նույնիսկ երկրի ղեկավարն է, կարող է կարծիք հայտնել, անգամ իր դժգոհությունը, բայց ստեղծագործող մարդկանց ուղղորդելու իրավունք չունի։

«Ինքն անգամ սկսնակ արվեստագետին պետք է ուղղություն չտա»,-նշել է նա։Հրանտ Թոխատյանը հույս ունի, որ Փաշինյանի դիտողություններից ու ծավալած քննարկումից հետո «Ցանկապատը» չի խմբագրվի այնպես, ինչպես նա է պատկերացնում։

«Այ, եթե հիմա ցանկապատը, Աստված չանի, սկսեն փոփոխության ենթարկել, այ դա կլինի, իսկապես, խայտառակություն, թեև ես հույս ունեմ, որ նման բան տեղի չի ունենանա։ Թող հավաքի դերասանների խումբ ու բեմադրություններով զբաղվի: Թող ինքը բեմադրի այնպես, ոնց ինքը գտնում է ճիշտ: Այդ ժամանակ հանդիսատեսն արդեն ընտրության բան կունենա՝ կգնա կնայի Փաշինյանի «Ցանկապատը», թե ոչ»,-ասել է սիրված դերասանը։