Լրագրող Հակոբ Կարապետյանը տուժող է ճանաչվել՝ իր նկատմամբ բռնության գործով

Լրագրող Հակոբ Կարապետյանը տուժող է ճանաչվել՝ իր նկատմամբ բռնության գործով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ երեկ լրագրող, Երևանի քաղաքապետարանի նախկին մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ահազանգել է՝ իր նկատմամբ բռնության և սպառնալիքների մասին։

«Վերջերս Երեւանի քաղաքապետարանի տեսուչները ավտոբուսում տուգանել էին մի կնոջ, որը, պարզվեց, վճարել էր իր ուղեվարձը։ Դրա մասին ռեպորտաժը տեսնելուց հետո ես գրառում էի արել՝ հայտնելով կարծիքս կատարվածի մասին ու նշելով, մասնավորապես, որ «նեղմիտ ու ոչ կոմպետենտ կառավարիչներ ունենալը սա է. կյանքդ դարձնում են ամենօրյա պայքար կաստում-շլվարավոր տգետների արտադրած թյուրիմացության դեմ»»,- գրել է Կարապետյանը՝ պատմելով, որ դրանից հետո ոմն Ավետիք Բաբայան գրել է իրեն և կեղտոտ ու անհարգալից բառապաշարով  «հաշիվ պահանջել» իրենից։ Ավելի ուշ Կարապետյանը պարզել է, որ Բաբայանը Երեւանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի ժ/պ-ն է, գտել է նրա աշխատանքային կոնտակտները, կապ հաստատել՝ փոխանցելով իր հեռախոսահամարը։ Կարապետյանը հայտնել էր, որ Բաբայանը զանգել է իրեն և սպառնալիքներ հնչեցրել՝ «տեղդ ասա, գամ ոտերդ ջարդեմ»։ Դրանից երկու շաբաթ անց Կարապետյանի նկատմամբ նաև ֆիզիկական բռնություն է եղել։

«Երկու շաբաթ անց, իմ աշխատավայրից դուրս եմ գալիս մութ ժամին, բակի անկյունում դիմացս դուրս է գալիս դիմակավորված մեկն ու առանց բառ ասելու սկսում է հարվածներ հասցնել։ Փորձում եմ պաշտպանվել, բայց անսպասելիության էֆեկտի պատճառով չեմ կարողանում ոնց որ պետքն է պաշտպանվել ու որոշ վնասվածքներ եմ ստանում»,- գրել է Կարապետյանը։

Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (Ֆիզիկական ներգործությունը), կատարվում է նախաքննություն։ Նույն աղբյուրից հայտնում են, որ Հակոբ Կարապետյանը տուժող է ճանաչվել, իսկ սպառնալիքների թեմայով այս պահի դրությամբ հաղորդում չի ստացվել։