Դրոշմակնիքի վրա Արարատ լեռան պատկերը «վտանգավոր մեսիջ է Հայաստանի հարևաններին»․ կարծում է ՔՊ-ականը
«Հայաստանը ելնում է իր պետական սիմվոլներից, և Հայաստանի դրոշմակնիքը, որն անձնագրերում է տպվում, պետք է արտահայտի Հայաստանին, պետությանը վերաբերող սիմվոլները, պետական սիմվոլները պետք է զերծ լինեն էոմցիոնալ, հուզական սիմվոլներից»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։
Նրա խոսքով, ամեն բան անում են, որ ՀՀ վերաբերյալ տարընկալումներ չլինեն և կիրառվող սիմվոլիզմը, կնիքները և այլն, ելնեն բացառապես պետականության սկզբունքից։
«Մենք հիմնվում ենք Ալմաթիի հռչակագրի վրա մեր հարևանների հետ հարաբերություններում, ուրեմն մեր յուրաքանչյուր գործողություն՝ կլինի կնիքի, հայտարարության ձևով, որևէ կերպ պետք է վտանգավոր մեսիջներ չուղարկի Հայաստանի հարևան պետություններին»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Հարցին՝ արդյո՞ք միայն կնիքի վրայից կհանվի Արարատ լեռան պատկերը, թե՞ նաև զինանշանի վրայից էլ, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Նման քննարկում գոյություն չունի»։

