Անդրադարձ է կատարվել Հայաստանում ամերիկյան վերազգային ընկերությունների ներգրավվածության ընդլայնմանը

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հանրահանի հետ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԲՏԱ նախարարը:

«Իմ խոսքում կարևորել եմ հանդիպումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության համար Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը ռազմավարական առաջնահերթություն են։

Հանդիպման ընթացքում վստահություն եմ հայտնել, որ պատվիրակության այցը մեծապես կնպաստի օգոստոսի 8-ի՝ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրով նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացմանը։

Քննարկել ենք արհեստական բանականության ուղղությամբ ներդաշնակ քաղաքականությունների մշակման հնարավորությունները, Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգում ներդրումների իրականացումը և չիպերի նախագծման, նույնականացման և թեստավորման կարողությունների զարգացումը։

Անդրադարձ ենք կատարել նաև Հայաստանում ամերիկյան վերազգային ընկերությունների ներգրավվածության ընդլայնման, ներդրումների խթանման, արտահանման ընթացակարգերի պարզեցման, գիտահետազոտական (R&D) նախագծերի իրականացման, Firebird ընկերության` ԱԲ տվյալային կենտրոնի համար նախատեսված ենթակառուցվածքի համար արտահանման թույլտվություն ստանալու հետ կապված, ինչպես նաև երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդմանն առնչվող հարցերին»,- գրել է նախարարը:

Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ հատուկ ուշադրություն է դարձվել կիբեռանվտանգության և տիեզերական ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման հնարավոր այլ ուղղություններին։