Ռուբենսի անհետ կորած «Քրիստոսը խաչի վրա» կտավը հայտնաբերվել է Փարիզում

Նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի «Քրիստոսը խաչի վրա» նկարը հայտնաբերվել է Փարիզի մի առանձնատանը, որը պատրաստվում էր վաճառքի։ Այս մասին գրում է AFP-ն՝ հղում անելով Osenat աճուրդի տան նախագահին։

Նրա խոսքով, ինքը նկարը հայտնաբերել է 2024 թվականի սեպտեմբերին՝ Փարիզի 6-րդ շրջանում գտնվող մի առանձնատան գույքագրման և վաճառքի ժամանակ։

Կտավը «շատ լավ վիճակում է»,- հավելել է նա։

Նկարի իսկությունը հաստատել է գերմանացի արվեստի պատմաբան Նիլս Բյուտները, որը հայտնի է ֆլամանդական բարոկկո վարպետների գործերի իր ուսումնասիրություններով: Կտավը թվագրվում է բարոկկո ժամանակաշրջանի հենց սկզբով և պատկերում է խաչված Քրիստոսին՝ «մենակ, մութ երկնքի ֆոնին»:

AFP-ի հաղորդմամբ, 105.5 x 72.5 սանտիմետր չափսերով աշխատանքը Ռուբենսը նկարել է 1613 թվականին և, հավանաբար, նախատեսված է եղել մասնավոր հավաքորդի համար։ Այն պատկանել է 19-րդ դարի նկարիչ Վիլյամ Բուգրոյին, ապա՝ այն առանձնատան սեփականատերերին, որտեղ այն գտնվել է։ Հայտնաբերված նկարն աճուրդի կհանվի Ֆոնտենբլոյում նոյեմբերի 30-ին։