Հայերը և ադրբեջանցիներն առևտուր են անելու իրար հետ, ինչքան էլ էլ ուզում եք «թռեք օդ, իջեք ներքև». Ալեն Սիմոնյան
Այնպես չէ, որ հայերի մեծամասնությունը ցանկանում է ադրբեջանցի սահմանապահի դեմք տեսնել, և դա վատ է, որովհետև մենք հարևաններ ենք, և ժամանակի ընթացքում դա էլ է դուրս գալու: Նույն հայերը և ադրբեջանցիները Մոսկվայում միասին բիզնես են անում, ընկերություն են անում և իրար ծնունդների են գնում, նույնը՝ այլ երկրներում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այո՛, այդ լարվածությունը կա, վերքերը թարմ են թե՛ մեր կողմից, թե՛ իրենց կողմից: Բա՞ մենք մարդ չենք սպանել, մարդ չի՞ մահացել Ադրբեջանի կողմից»,- հարցադրումով դիմել է Սիմոնյանը:
«Ես մի անգամ նման բան ասել եմ, ինձ քննադատեցին։ Շատ կարճ ժամանակահատվածում հայերը և ադրբեջանցիներն առևտուր են անելու իրար հետ, մենք ունենալու ենք միասնական շուկա։ Մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքները լինելու են Բաքվի ու մնացած քաղաքների խանութներում, և դա ան-խու-սա-փե-լի է։ Ինչքան էլ ուզում եք, կենացներ խմեք, ասել ասող՝ թռեք օդ, իջեք ներքև, անխուսափելի է»,-հայտարարել է նա։
Նա համոզված է, որ մարդիկ գնալու են Ադրբեջանից բենզին առնեն, քանի որ այնտեղ էժան է, «քշի Թուրքիա, նոր եմ իմացել» հայտնի անեկդոտի խոսույթը վերանալու է։

