Դատական նիստը վերածվեց իրավական «մարտադաշտի»

Այսօր հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դեմ ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի դատալսումները:

Դատական նիստը հենց սկզբից վերածվեց իրավական «մարտադաշտի». Դավիթ Հարությունյանը, որի իրավաբանական փորձառությունն անառարկելի է, դատարանին ներկայացրեց միջնորդություն՝ պահանջելով դատախազների նկատմամբ կիրառել դատական սանկցիա։ Ակնհայտ է, որ սա մարտահրավեր էր դատաիրավական ողջ համակարգին։

Հարությունյանը մատնանշեց, որ դատախազությունը մի շարք կարևոր հարցերում դատարանին ոչ թե թյուրիմացաբար է սխալ տվյալներ ներկայացրել է, այլ՝ ակնհայտ միտումնավոր սուտ տեղեկություններ է տրամադրել։ Հարությունյանի ներկայացրած՝ դատախազության ստերի օրինակները փաստարկված էին. նվազագույն սպառողական զամբյուղի կեղծված հաշվարկներ, իբր գոյություն չունեցող Excel ֆայլեր, հղումներ ՄԻԵԴ-ի՝ երբևէ չարտահայտված դիրքորոշումներին և այլն։

«Սա դատավարության հավասարության խախտում է, իսկ դատարանի հանդեպ ստերը՝ անթույլատրելի են,- շեշտեց Հարությունյանը։

Սակայն Դավիթ Հարությունյանն իր խոսքը չսահմանափակեց միայն իր դեմ ներկայացրած հայցով։ Իր ներածական խոսքում նա ընդգծեց. «Իմ միջնորդություններն ու հարցադրումները չեն ծառայում միայն իմ անձնական պաշտպանությանը։ Դրանք ունեն շատ ավելի համակարգային նշանակություն»։ Նա մատնանշեց, որ ապօրինի ծագում ունեցող գործերով ձևավորված արատավոր պրակտիկան պետք է կոտրվի այստեղ և հիմա, որպեսզի ապագա վարույթները դառնան օրինականության և արդարության տիպար։

Հարությունյանը փաստացի պաշտպանական կողմից վերածվեց դատաիրավական համակարգի քննադատի՝ նպատակ ունենալով բացահայտել դատախազության թերությունները և ցույց տալ, թե ինչպես կարող են դրանք վերածվել քաղաքական հաշվեհարդարի գործիքի։

Սա հստակ ազդանշան էր ամբողջ դատաիրավական համակարգին՝ ուղիղ հարված ստին ու անպատասխանատվությանը։

Իսկ ի վիճակի՞ է համակարգը դիմակայել ճշմարտության այդ հարվածներին։