Ղազախստանը պարզեցրել է ՀՀ քաղաքացիների համար երկրում գտնվելու կանոնները
Ղազախստանի խորհրդարանն այսօր վավերացրել է Ղազախստանի և Հայաստանի միջև երկու համաձայնագիր՝ միգրացիայի ոլորտում համագործակցության և երկու երկրների տարածքներում քաղաքացիների մնալու կարգի մասին, հաղորդում է Kazinform-ը։
Նոր համաձայնագրի համաձայն՝ այժմ Ղազախստանի քաղաքացիները կկարողանան այցելել Հայաստան՝ անձը հաստատող փաստաթղթով։ Նմանապես, Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստանում գտնվել իրենց նույնականացման քարտով։
Բացի այդ, քաղաքացիներին թույլատրվում է կես տարվա ընթացքում մինչև 90 օր մնալ մյուս երկրի տարածքում։
«Սահմանվում է կարգ, որի համաձայն՝ 30 օր գտնվելուց հետո կողմերից մեկի քաղաքացին պետք է ժամանակավոր հաշվառվի։ Սա թույլ կտա վերահսկել միգրացիոն գործընթացները»,- հայտարարել է պատգամավոր Դմիտրի Կոլոդան։
Բացի այդ, չեղյալ է հայտարարվում 90 օր գտնվելուց հետո պարտադիր վիզա ստանալու պահանջը։ Այժմ քաղաքացին 90 օրը լրանալուց հետո կարող է Ժողովրդական սպասարկման կենտրոններում ժամանակավոր կացության թույլտվություն ձևակերպել։
«Ժամանակավոր կացության թույլտվությունն այժմ տրվում է անվճար։ Նախկինում այդ վիզան վճարովի էր։ Սա ամենակարևորն է։ Եվ այդ վիզայի արժեքը տատանվում էր՝ կախված գտնվելու ժամկետից, թե որ ժամկետով էր տրվում։ Այժմ այն անվճար կլինի։ Եվ երկրորդ՝ ժամկետները։ Նախկինում այս հարցը քննարկվում էր 30 օրացուցային օրվա ընթացքում։ Այժմ այն կքննարկվի որպես ծառայություն մեկ աշխատանքային օրվա ընթացքում»,- ավելացրել է պատգամավորը։
Ավելի վաղ Ներքին գործերի նախարար Երժան Սադենովը հայտնել է, որ տարեսկզբից ի վեր Ղազախստան է մուտք գործել գրեթե 12 հազար Հայաստանի քաղաքացի։

