ԱԱԾ-ն ԱԳՆ-ում հօգուտ Ադրբեջանի գործած պաշտոնյայի է բացահայտել, նա սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու. Factor.am
Factor.am-ը կայքը գրում է.
«Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն Արտաքին գործերի նախարարությունում հայտնաբերել է պաշտոնյայի, որը կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ և նրան փոխանցել կարևոր տեղեկություններ։
Factor.am-ին որոշ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորապես, տվյալ պաշտոնյան Աշխեն Ալեքսանյանն է։ Նա եղել է առանցքային վարչությունների աշխատակից, հասանելիություն է ունեցել կարևոր տեղեկությունների։ Սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ։ ԱԱԾ-ն նրան հայտնաբերել և ձերբակալել է ավելի քան մեկ ամիս առաջ։ Մեզ հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանից՝ Վիեննա գործուղման ժամանակ։
Factor.am-ին հայտնի է դարձել, որ Աշխեն Ալեքսանյանը հարցաքննության ժամանակ նշել է, որ ադրբեջանական կողմից գումար է վերցրել և չի գործել միայնակ։ Առայժմ անհայտ է, թե ովքեր են նրան աջակցել և ինչ պաշտոններ ունեն ԱԳՆ-ում։ Տեղեկացանք, որ ԱԱԾ-ն առգրավել է ԱԳՆ որոշ աշխատակիցների համակարգիչներ։
Factor.am-ը թեմայի առնչությամբ մի շարք հարցեր է ուղղել ԱԱԾ-ին, պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք»։
Նշենք, որ այսօր «Հրապարակ» թերթը գրել էր.
«Մեր տեղեկություններով՝ մոտ 2 ամիս առաջ աղմկահարույց ձերբակալություն է տեղի ունեցել ՀՀ դիվանագիտական կորպուսում, որը փորձել են գաղտնի պահել։ Ավստրիայում ՀՀ հյուպատոս ոմն Աշխեն Ալեքսանյանի՝ Հայաստան վերադառնալիս, օդանավակայանում ձերբակալել են: Երիտասարդ կնոջ մոտ փաստաթղթեր են հայտնաբերել և կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Դրանից հետո ԱԱԾ-ն մի ամբողջ օր խուզարկություն է իրականացրել ԱԳՆ շենքում` համակարգիչներն են ուսումնասիրվել, փաստաթղթեր են զննվել։ Եվ որոշվել է այս ձերբակալությունը գաղտնի պահել, քանի որ այն մեծ սկանդալի առիթ կարող է դառնալ։
Բանն այն է, որ որևէ մեկին դիվանագիտական կորպուսում բարձր պաշտոնի նշանակելուց առաջ ԱԱԾ-ն ստուգում է նրա անցած ուղին, կասկածելի կապերը և այլն: Նշանակումն արվում է միայն համապատասխան մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, որի արդյունքները զեկուցում են նշանակողին։ Հիմա ստացվում է, որ կա՛մ թերացել են, ինչը պատասխանատվության հարց է առաջացնում, կա՛մ էլ նշանակողներն են աչք փակել ինչ-ինչ հանգամանքների վրա։ Եվ ծածկադմփոցի շրջանակներում էլ համացանցից, բոլոր բաց աղբյուրներից ուղղակի վերացրել են Աշխեն Ալեքսանյանի վերաբերյալ տեղեկատվությունն ու անգամ նշանակման մասին պաշտոնական լուրը։
Բայց ԱԳՆ համակարգի հին աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ շատ լավ է ճանաչում Աշխենին, նա սկզբում քաղծառայողի հաստիքի վրա էր, ապա աշխատանքի անցավ ԱԳՆ հյուպատոսական բաժնում և դիվանագետի կոչում ստացավ, որից հետո այլևս տեղեկություն չունի նրա մասին»։

