Սամվել Կարապետյանը եթե դադարեցնի սեփական միջոցներից տրամադրումը, ՀԷՑ-ը կգնա կործանման. Դավիթ Ղազինյան

ՀԷՑ-ի համար ՀԾԿՀ-ի սահմանած աշխատավարձային ֆոնդից բացի, որը կոնկրետ թիվ է, 2015-ից մինչ այսօր ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանը տրամադրել է 11.6 մլրդ դրամ ավելի գումար՝ մոտավորապես ամիսը 150 մլն-ի կարգի: Այս մասին օգոստոսի 27-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Հիմա ամիսը 150 մլն դրամ դեռ սեփականատերը տալիս է, իրենք 20 մլն կրճատել են, և դա ներկայացնում են որպես բարեգործություն, որով 1000 աշխատող, որոնք 200 հազար են ստանում, տասը տոկոս ավելի են ստանալու: Արդյոք ավելի բարոյական չէ՞ր լինի այդ ամեն ինչն անելուց առաջ ասել՝ սա սեփականատիրոջ միջոցներն են, ոչ թե աշխատավարձային ֆոնդի միջոցները»,- ասել է նա:

«Սեփականատերն  անքակտելի իրավունք ունի, ուներ և ունենալու է իր սեփական միջոցներն այլևս չուղղել, որոշել՝ այլևս չեմ ուզում  տրամադրել ամսական 150 միլիոն, տեղավորվեք աշխատանքային ֆոնդի մեջ։ Սամվել Կարապետյանը, ըստ ինձ, այս բոլոր անարդար մեթոդներից հետո չի անում այդ քայլը, մի քանի պատճառով. առաջին՝ որպես պետականամետ մարդ, չի պատժում կառավարչին կամ իշխանությանը, հանձնաժողովին,  երկրորդ՝ իր գրպանից տված գումարը կրճատելու դեպքում, միանշանակ կրճատումներ պետք է արվեն, աշխատակիցներ կրճատվեն։ Հաշվի առնենք, որ այդ աշխատակիցներ կրճատվելու են հիմնականում պրոֆեսիոնալ թիմից, ոչ թե իրենց բերած մարդկանցից։ Երրորդ՝ այդ պարագայում ՀԷՑ-ն ընդհանրապես կործանման է գնալու»,- ասել է Դ.Ղազինյանը։