Ղազախստանն ու Թուրքիան կհամագործակցեն մեդիայի և տեղեկատվության ոլորտում
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության նախագահ Բուհրանեթթին Դուրանը սոցցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է Ղազախստանի հետ մեդիայի և տեղեկատվության ոլորտում նոր համագործակցության ձևավորման մասին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
«Համաձայնագիրը խթանելու է երկու երկրների միջև տեղեկատվության և փորձի փոխանակումը, ընձեռելու է հնարավորություն՝ զարգացնելու մեդիա և տեղեկատվական ոլորտի համատեղ ծրագրերը»,-գրել է Դուրանը:
Բացի այդ վերջինս ընդգծել է, որ համաձայնագիրը նպաստելու է փոխադարձ ընկալման ու ռազմավարական համագործակցության խորացմանը:
Նշենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Թուրքիայի նախագահի հրավերով հուլիսի 28-ից 29-ը գտնվել է Անկարայում:
Երկու երկրների առաջնորդների ներկայությամբ էլ հուլիսի 29-ին ստորագրվել է մեդիայի և տեղեկատվության ոլորտում համագործակցության մասին հուշագիրը:
Թուրքական կողմը փաստաթուղթը ստորագրել է Ղազախստանի նախագահական կենտրոնի տեղեկատվական ծառայության ղեկավարի հետ:

