Արցախյան մշակույթը կներկայացվի միջազգային բեմում
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն ստացել է պաշտոնական հրավեր՝ մասնակցելու 2025 թ. հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 24-ը Իտալիայում կայանալիք ֆոլկլորային փառատոնին, որը կազմակերպվում է CIOFF-ի՝ Ֆոլկլորային փառատոնների և ժողովրդական արվեստի կազմակերպությունների միջազգային խորհրդի կողմից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերությամբ։
«Արցախյան վերջին պատերազմից և բռնատեղահանումից հետո մեր կենտրոնը դարձավ միակ կազմակերպությունը, որը հետևողականորեն շարունակում է ներկայացնել, պահպանել և հանրահռչակել արցախյան մշակույթը՝ անկախ բոլոր մարտահրավերներից։
Այս նախաձեռնության շրջանակում նախապատրաստվում է համատեղ մշակութային ծրագիր՝ Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և Արցախի պարի պետական համույթի մասնակցությամբ՝ նպատակ ունենալով արժանապատվորեն ներկայացնել հայկական մշակույթը համաշխարհային բեմում։
Այս մասնակցությունը հերթական քայլն է՝ արցախյան ինքնության պահպանման և մշակութային դիմադրության ճանապարհին»,- նշում են «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ից։


