Պայթյունավտանգ իրավիճակ Լոռու մարզում․ Վանաձորում հերթական բախումը տեղի ունեցավ ջրի համար

Հուլիսի 28-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզում։ Վանաձորի նախկին քիմգործարանի հանրակացարանում ապրող 25 ընտանիքներ խոչընդոտեցին «Վեոլիա»-ի ջրամատակարարման դադարեցման փորձը՝ փակելով ջրհորը և կանխելով ընկերության մուտքը փականներին։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին․

«Տարիներ շարունակ վճարել ենք ջրի համար՝ ըստ իրենց տեղադրած ջրաչափերի, սակայն «Վեոլիա»-ն դրանք չի ճանաչում՝ շենքի սեփականության վիճահարույց կարգավիճակի պատճառով։

Հանրակացարանը դեռ պատկանում է սնանկացած «Քիմբրոմ» ընկերությանը։ Ընկերությունը մեկ տարի առաջ տեղադրել է ընդհանուր ջրաչափ, որից հետո ծախսերը կտրուկ աճել են։ Մենք կասկածում ենք, թե ջուրը սպառվում է նաև ուրիշների կողմից։

Ընկերությունը նշում է՝ նախկինում եղել են կորուստներ և ջրագողություն։ «Վեոլիա»-ի մասնագետները հայտնաբերել են, որ որոշ բնակիչների ջրաչափերն անճշգրիտ են, իսկ ծորակներից հնարավոր է ջուր բաց թողնել՝ առանց հաշվիչի արձագանքի»։

Վերջում բնակիչները ասացին, որ իրենք պատրաստ են վճարել միայն իրենց փաստացի սպառած ջրի դիմաց, իսկ «Վեոլիա»-ն հայտարարեց, որ պատրաստվում են դիմել ոստիկանություն՝ կողպեքը հեռացնելու նպատակով։